Վերացվել է «Սարի թաղի» դեպքերով կալանավորված Տիգրան Մարգարյանի խափանման միջոցը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը (լուսանկարում):
Հիշեցնենք՝ Տիգրան Մարգարյանը կասկածվում էր 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններ կատարելը:
«Պաշտպանությունը ստանձնել ենք ես եւ փաստաբան Վարդան Նիկողոսյանը: Առաջին ատյանում մենք՝ որպես փաստաբան ներգրավված չենք եղել: Ծնողը՝ մայրը, մեզ դիմել է այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Բազմիցս միջնորդություններ ներկայացրեցինք վարույթն իրականացնող մարմնին, քննչական, դատախազություն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին, եւ բերեցինք վերաքննիչ բողոք:
Միջնորդությունները առ այսօր անպատասխան էին, այսինքն՝ արդյունք չէին տալիս, սակայն այսօր մեր վերաքննիչ բողոքը բավարարվեց: Դատարանը հաշվի առավ մեր բերած փաստարկներն առ այն, որ Տիգրան Մարգարյանը տառապում է ծանր հիվանդությունով, որը խոչընդոտ է հանդիսանում հետագա կալանքը կրելուն, այսինքն՝ անկախ նրանից, թե նրա մեղքն ապացուցվեր քննության շրջանակներում, ապա կլիներ, որ կա հիվանդություն, որը խոչընդոտում է կալանքը կրելուն»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Փաստաբանը կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը լավ նախադեպ է համարում. «Կհորդորեմ մեր դատավորներին, հատկապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ավելի համարձակ, ավելի աշխույժ նման որոշումներ կայացնեն, քանի որ սա հանրության կողմից ընկալվում է ոչ միայն որպես օրինական որոշում, այլ նաեւ գթասրտական եւ մարդկային»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ