Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսան Հայկազուն. «Եթե նախարարն ու իր տեղակալներն ինձ տեսնեն, չեն ճանաչի»

Օգոստոս 23,2016 16:06

Գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյան) տարակուսած է: Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ ինչպե՞ս կարելի է մարդկանց կոչումներ տալ ու երեսն անգամ տարիներով տեսած չլինել: «Ինձ համար հաճելի չէ, որ ինձ ասում են մշակույթի վաստակավոր գործիչ, որտեղ էլի մարդիկ կան, բայց մշակույթի հետ կապ չունեն: Ես մշակույթի վաստակավոր գործիչ եմ, հիմա արժանի եմ, թե արժանի չեմ, դա հարցի այլ կողմն է, բայց որ հանկարծ ինձ փողոցում տեսնեն մշակույթի նախարարը եւ իր մի քանի տեղակալները, հաստատ չեն ճանաչի: Փաստորեն, ոչ ես եմ իրենց ճանաչում, ոչ՝ իրենք ինձ, ոչ նախարարն է ինձ հետ մի բառ խոսել, ոչ ես իր հետ: Մշակույթի նախարարությունը միջոցառումներ է անում գյուղերում, մարզերով, բայց ես լինելով մշակույթի վաստակավոր գործիչ ու ինձ նման էլի շատերը, տեղյակ չենք այդ ամենից, տարիներ շարունակ չեն հիշում»,-փաստում է գուսան Հայկազունը:

Նրա ձեւակերպմամբ, «Օրինակ, Թովմաս Պողոսյանը կամ Մրոն առանձին-առանձին ավելի շատ գործ են անում ազգային երգի պահպանման ու տարածման համար, քան մշակույթի նախարարությունը՝ իր մեծ աշխատակազմով հանդերձ»:

Գուսան Հայկազունի խոսքով, այսօր շատ ծանր է վիճակը ազգային երգ-երաժշտության պահպանության առումով: «Պետականորեն եւ հեռուստատեսությամբ քարոզվում է էժանագին, անորակ, օտարաշունչ երգ-երաժշտություն, մինչդեռ դրա դեմը պետք է պայքարել: Սրա կողքին դուք շատ լավ գիտեք, թե ում են տալիս մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր արտիստի կոչում եւ այլ կոչումներ , ու այն էլ մշակույթի նախարարի միջնորդությամբ կամ թողտվությամբ ու ամենաբարձր մակարդակով խրախուսելով: Որ այդպես է, ես առաջարկում եմ, որ նման «ակնառու» դեմքերին, եթե ապազգային երգերի համար կոչում են տալիս, թող հոբելյաններն էլ պետական մակարդակով նշեն, ասենք՝ Արմենչիկի 40-ամյակը, 50-ամյակը …Ինչո՞ւ ոչ»,-հեգնում է արվեստագետը:

Մեր հարցին՝ մի՞թե կոչումը բարձրացնում է արտիստների որակը, գուսան Հայկազունը պատասխանում է. «Չի բարձրացնում, բայց բերում- հավասարեցնում է արժանավորներին, ինչը արդար չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ գուսան Հայկազունի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031