Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ. Զինված խմբի որոշ անդամների փաստաբանները մոլորեցնում են հասարակությանը

Օգոստոս 23,2016 16:03

Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել:

Հանրությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ խմբի` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող անդամներին իբր անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու մասին վերջիններիս փաստաբանների «ահազանգերի» և Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող վերոնշյալ կալանավորված անձանց, տեղում ծանոթացել իրավիճակին և իրազեկվել, որ վերջիններս քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող բժշկական օգնությունից և խնամքից բողոքներ չունեն:

Ինչ վերաբերում է նրան, որ այս օրերին հաճախ է շահարկվում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանին բժշկական պատշաճ օգնություն և խնամք չցուցաբերելու, կամ, ինչպես նրա փաստաբանների ու այլ անձանց կողմից շեշտվում է, նրան այս կերպ խոշտանգումների ենթարկելու հարցը, ապա այլևայլ անհիմն ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտնում է հետևյալը:

27.07.2016 – 23.08.2016թթ` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահից առ այսօր, Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է տարատեսակ բժշկական հետազոտությունների և զննությունների, այդ թվում` որովայնի և կոնքի սոնոգրաֆիկ և աջ ստորին վերջույթի ռենտգեն հետազոտությունների, ուրոլոգի և նյարդավիրաբույժի խորհրդատվությունների: Բացի վերոբերյալից` հանվել է հիվանդի կմախքային ձգումը և դրվել է գիպսային վիրակապ:

Ի լրումն` յուրաքանչյուր 2-րդ օրը հիվանդը զննվում է <<Էրեբունի>> ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից:

Հարկ է նշել, որ բոլոր հետազոտությունների և զննությունների մասին գրառումները առկա են նրա հիվանդության պատմագրում:

Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանը անհրաժեշտության դեպքում ստացել և ստանում է ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, պարբերաբար կատարվում են վերքերի մշակումներ, ժամանակին փոխվում են վիրակապերը:

Ներկայումս «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ քննարկվում է ինչպես Հ. Հարությունյանի, այնպես էլ <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿՀ-ում պահվող խմբի մյուս անդամների վիրահատման ծավալների և ժամկետների հարցը:

Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում և բուժում են ստանում այլ կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնք նույնպես խնամքի և բազմապրոֆիլ բուժման կարիք ունեն, ինչը և ապահովվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի արհեստավարժ և փորձառու բուժանձնակազմի կողմից:

Եվս մեկ անգամ շահագրգիռ անձանց կոչ ենք անում զերծ մնալ թեմայի`տարբեր նպատակներով անհարկի շահարկումներից:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռիմա says:

    Շահագրգիռ անձանց կոչ անելու փոխարեն ժամանակին և պատշաճ կատարեք ձեզ վերապահված գործառույթները, մինչև չեն բարձրաձայնում սայլը տեղից չի շարժվում: Մինչև չբողոքեցին ոչ բարեկարգ սենյակից, չտեղափոխեցիք համեմատաբար նորմալ սենյակ, նույնն էլ բուժօգնությունն է, հիվանդը ժամերով տսնջվում է, մինչև ցավազրկում են, դա է՞ պատշաճ բուժօգնությունը: Միգուցե արհեստավարժ և փորձառու բուժանձնակազմ է, բայց դե նայած ում համար են: Իսկ ստացված գումարներն էլ, որոնք տրվում են համապատասխան կառույցներին բարեկարգումներ անելու համար, նպատակային ծախսեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031