Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի տնկվել է ընդամենը 2.5 հեկտար անտառ

Օգոստոս 23,2016 15:55
martun matevosyan

 Այս տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն նախորդ տարվա, անտառվերականգնման աշխատանքների ծավալը քիչ է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:

Ըստ Մաթեւոսյանի, նշված ժամանակահատվածում անտառտնտեսության միջոցներով, շաբաթօրյակներին տնկվել է ընդամենը 2.5 հեկտար անտառ, որից 2 հեկտարը Իջեւանում, իսկ 0.5 հեկտարը՝ Նոյեմբերյանի անտառային տարածքներում:

«Հայանտառի» տնօրենի ներկայացմամբ՝ ՀԷՑ-ի նախաձեռնությամբ տնկվել է 40 հազար ծառ Գուգարքի անտառտնտեսության տարածքում, նախատեսվում է 10 հեկտար էլ տնկել աշնանը Սեւանի ավազանում՝ լճի ափամերձ տարածքում՝ անտառային հիմնադրամի միջոցներով: «Թեղուտ» ՓԲԸ եւ «Հայանտառի» միջեւ կնքած պայմանագրով էլ անտառապատման աշխատանքներ են իրականացվել Գուգարքի եւ Լալվարի անտառտնտեսության տարածքներում:

«Ի ուրախություն մեզ, այս տարի լավ վիճակում ենք հրդեհների մասով, քիչ հրդեհներ են եղել, խոսքը «Հայանտառի» տարածքի մասին է: Հրդեհների 15 դեպք է եղել՝ 16.6 հեկտար ընդհանուր տարածքով»,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը:

Անդրադառնալով ապօրինի անտառօգտագործմանը, Մաթեւոսյանն ասաց. «Ապօրինի անտառօգտագործումը համաշխարհային պրոբլեմ է»:

Տնօրենի խոսքերով՝ անտառպահպանման առաջնային խնդիրներից է նյութատեխնիկական բազայի վերազինումը. «Այսօր «Հայտանտառը» չունի տեխնիկական հնարավորություն: Անտառակառավարման պլանով հատկացված հատատեղերը, որ պետք է շահագործվի, գտնվում են բավականին հեռու տարածքներում եւ դրանց հասնելու համար անհրաժեշտ են անտառտնտեսական ճանապարհներ անցկացնել: Որևէ կայուն անտառ կառավարող չի անցկացնի 30 կմ ճանապարհ, որպեսզի 500 խորանարդ մետր հատումներ անի, որովհետեւ ճանապարհ կառուցելու ծախսը գերազանցում է փայտանյութի իրացումից գոյացած գումարները»:

Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ ապօրինի անտառօգտագործման դեմ պայքարում կարեւոր է օրինական փայտանյութով ապահովումը, այսինքն, որքան որ պահանջարկ կա, այդքան էլ տրամադրվի, եթե՝ ոչ, ապա ապօրինի անտառհատումները կշարունակվեն: Մաթեւոսյանի դիտարկմամբ՝ հիմնականում անտառամերձ համայնքների բնակիչներն ունեն վառելափայտի կարիք: Մաթեւոսյանն ասաց, որ պատրաստվում են առաջարկություն ներկայացնել, որպեսզի գյուղացիներին իրավունք տան օրինական ճանապարհով, մատչելի գներով անտառհատում իրականացնեն. «Գյուղացին իր վառելափայտը պետք է բերի, ինչ ուզում եք արեք, մեկ է, պետք է բերի: Եթե չենք կարում ապահովենք, գյուղացին պիտի կտրի, ինքը միշտ համարում է՝ անտառը իրենն է, ինքը միշտ օգտագործել է անտառը»:

Մաթեւոսյանը Վրաստանի օրինակը բերեց, որտեղ մարդիկ անտառհատման համար վճարում են որոշակի գումար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար, բայց մասնագետներն են որոշում, թե որ ծառերը պետք է հատվեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031