Ռուզաննա Եղնուկյանին հարվածելու գործը կարճվել է: Այս մասին Aravot.am-ի եւ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել Մաշտոցի պողոտայում: Բողոքի ընթացքում ակցիայի մասնակիցները շղթայել էին իրենց։ Ոստիկանները, ուժ գործադրելով, ակցիայի մասնակիցներին մայթ են տեղափոխել, բերման են ենթարկել ցուցարարների: Ռուզաննա Եղնուկյանը այդ ցուցարարների շարքում էր, նա արդյունքում ստացել է վնասվածք՝ գլխի շրջանում եւ տեղափոխվել հիվանդանոց: Հարուցվել էր քրեական գործ:
Ռուզաննա Եղնուկյանը համարում է, որ երկրում իրավական համակարգը չի գործում. «Չունենք իրավական համակարգ, որն անկախ է. բոլորը հրաման են կատարում, եւ բոլորին պարզ է, թե որտեղից են դրանք գալիս՝ որ գործը կկարճեն, որին կուզեն բաց կթողնեն: Մեկը, որ բացահայտ ինչ-որ մեկի աչքն է հանում եւ ազատվում է՝ ասելով որպես ինքնապաշտպանություն, սպանություն է կատարվում իր տան բակում: Իսկ անմեղ մարդիկ իրենց ձայնը բարձրացնելու համար կալանավորվում են եւ ենթարկվում են խոշտանգումների, կտտանքների, անարդար հետապնդումների»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ