Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց մամուլի այն հրապարակումները, որ օգոստոսի 1-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի ղեկին ինքն է եղել: Էրիկ Շարմազանովը, ի դեպ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է:
«Նշված դեպքի հետ ես որևէ առնչություն չունեմ: Հրապարակման մեջ հիշատակված մեքենան ինձ չի պատկանում և ինձ հետ որևէ կապ չունի: Ասեմ ավելին` ես ընդհանրապես սեփական ավտոմեքենա չունեմ, միայն ծառայողական: Տվյալ ցավալի միջադեպով հարուցված է քրեական գործ, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Էրիկ Շարմազանովը:
Հիշեցնենք, ավտովթարի հետևանքով Մարգահովիտ գյուղի երկու բնակիչ տեղում է մահացել, երրորդը՝ Վանաձորի հիվանդանոցում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվել է ծանր: Ըստ տուժածների հարազատների` ՃՏՊ մասնակից Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Էրիկ Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ