Այս տարվա ընթացքում «Սլավմեդ» բուժհիմնարկում մահացած 2 հղի կանանց դեպքերի առիթով առողջապահության նախարարությունը ուսումնասիրություններ էր սկսել նշյալ բուժհիմնարկում: Այսօր առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, հարցին, թե ինչ պարզվեց ուսումնասիրությունների արդյունքում, ասաց, որ առողջապահության նախարարի հրամանով կազմվել է հանձնաժողով եւ ինքն էլ եղել է հանձնաժողովի նախագահը: Պարոն Խաչատրյանն ասաց, որ մի քանի օր աշխատել են հիվանդանոցում` ուսումնասիրելով ծննդօգնության որակի հետ կապված խնդիրները, սակայն որեւէ էական խախտում չեն գտել, որը կհանգեցներ նրանց մահվանը:
Մանրամասները` տեսանյութում
Խոսելով ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից, պարոն Խաչատրյանն ասաց, որ ինքը չգիտի, թե դատարանն ինչ որոշում կկայացնի: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության կողմից հանձնաժողով էր կազմվել, որը մասնագիտական ուսումնասիրություն էր կատարել` պարզելով, որ ծննդալուծումն ուշացած է եղել, որ հղի կնոջը պետք է ծննդալուծեին կեսարյան հատման միջոցով եւ այլն: Նախարարության այս եզրակացությունը ներկայացվել է նաեւ դատարանում:
Կարդացեք նաև
«Ես չգիտեմ թե ինչ վճիռ կլինի, ես գիտեմ, այն, ինչ-որ արել ենք մեր հանձնաժողովում, անմիջապես տեղեկացրել ենք եւ շատ խիստ հանձնարարականներ ենք տվել այլ ծննդատներում, որ խիստ պետք է վերաբերվեն բոլոր ցուցումներին եւ հակացուցումներին եւ հետծննդյան ու նախածննդյան շրջանում անընդհատ հսկողություն է պետք սահմանել»:
Սերգեյ Խաչատրյանը խոսեց նաեւ օգոստոսի 16-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 20-ամյա Սիրանուշի դեպքից, որի մոտ ախտորոշվել էր կապույտ հազ: Ի դեպ Սիրանուշը հղի է եւ, ըստ պարոն Խաչատրյանի, հնարավոր է հղիությունն ընդհատվի:
Փոխնախարարն ասաց, որ կինը ժամանակին հրաժարվել է երեխային կապույտ հազի դեմ պատվաստելուց, եւ երեխան վարակվել է այդ հիվանդությամբ, ինքն էլ` երեխայից:
Առողջապահության փոխնախարարը այսօր նախարարությունում նաեւ ամփոփեց ոլորտում վեց ամսվա արդյունքները` ասելով, որ սահմանամերձ գյուղական համայնքներում բնակվող եւ սոցիալապես անապահով առանձին ընտանիքների անպտղության խնդրի հաղթահարման նպատակով 68 զույգի տրամադրվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար բժշկական օգնություն։
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար նախարարությունը սկրինինգային ծրագրեր է իրականացնում` ուղղված արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանը, ինչպես նաեւ սոցիալական փաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ բժշկական քննություններ:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, շարունակվում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակում 2015 թ. բժշկական օգնություն է ստացել 1516, իսկ 2016թ. 6 ամսում` 866 քաղաքացի։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ