Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները կհրապարակե՞ն քվեարկածների ցուցակները

Օգոստոս 23,2016 14:40

Երկու օրվա ընթացքում «4+4+4» ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները հայտարարություն կանեն, թե վերջնական ինչ համաձայնություններ են արձանագրել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների համար: Այս մասին այսօր, «Հայացք» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացրած հինգ պահանջներից չորսն իշխանությունը համաձայնել էր բավարարել: Այդ փոփոխությունների համաձայն, կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։

Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։

Այժմ, կարծես մատնահետքերի ստուգման եւ նույնականացման քարտերի տրամադրման մասով տեխնիկական խնդիր է առաջանում, բայց, ըստ Արամ Մանուկյանի, դրանց փոխարեն այլ հարցերում են համաձայնության եկել: «Բանակցություններ գնում են եւ քաղաքական ուժերի, եւ քաղաքացիական բոլոր խմբերի հետ: Ստորագրած ցուցակների հրապարակումը գործի կեսն է: Եթե դա ստացվի, ապա ընտրություններին կմասնակցեն ոչ թե մեկուկես միլիոն մարդ, այլ 800 հազար եւ դա հնարավորություն կտա գործ կազմելու, դատարան գնալու, միտինգներ անելու: Մի երկու օրվա ընթացքում կհրապարակենք, թե ինչն ենք կորցրել, ինչն ենք շահել»:

Երեկ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր վերջնական եզրակացությունը ԸՕ-ի վերաբերյալ`շեշտադրելով, որ լուրջ փոփոխություններ եղան, պատմական «4+4+4»-ի եւ իշխանության համաձայնության արդյունքում:

Լրագրողի դիտարկմանը, որ համաձայնագիրն, ըստ էության, տապալվել է, քանի որ ՀՀԿ-ականներն էլ են նշում, որ ժամանակի առումով չեն հասցնում տեխնիկական փոփոխությունները կիրառել, Արամ Մանուկյանն ասաց. «Ես համաձայն եմ այդ գնահատականի հետ: Սա իսկապես հաջողություն էր, լուրջ գործնական հաջողություն»: Նա վստահեցնում է, որ եթե օրենքը կիրառվի, դրանով այս պահին իշխանափոխության շատ լուրջ հնարավորություն կա. «Իշխանություններն էլ զգացին, որ դա իրենց համար կարող է վերջը լինել: Որքանո՞վ է օբյեկտիվ, չեմ կարող ասել, բայց իրենք ներկայացրեցին, որ լեհական ընկերությունը, որը պետք է նույնականացման քարտերի տպագրությամբ զբաղվեր, ասացին, որ չի հասցնում»: ՀԱԿ-ում իրենց խողովակներով էլ են ստուգել այդ տեղեկությունը եւ «ոնց որ թե իսկապես չեն հասցնում»:

Արամ Մանուկյանն ասում է, որ այդ կետի փոխարեն «ուրիշ բան ենք վերցնում եւ շատ լավ է, որ այսօր մեր գործընկերների համաձայնությունն ունենք»: Այդպիսով էլ, ըստ նրա, լրջագույն հնարավորություն կա առաջիկա ընտրություններում հաջողություններ արձանագրելու: Նա համարում է, որ միջազգային կառույցների`քայլ-քայլ բարեփոխելու եւ իշխանություն փոխելու ծրագրից ավելին էր «4+4+4»-ի արածը:

Իշխանությունը խնդիր կունենա՞ միջազգային կառույցների հետ այն համատեքստում, որ չի կարողանում ապահովել իր խոստացածը, Արամ Մանուկյանը չի կարող ասել, բայց չի էլ հավատում, որ իշխանությունը չի կեղծելու, դա, ըստ նրա, կնշանակի, որ «թողնեն գնան տուն»: Առանց կեղծելու, նրա համոզմամբ, իշխանությունը չի կարողանա շնչել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031