Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ հաշվին էր Հայաստանը ԼՂՀ հարցում հաջողություններ արձանագրում (Տեսանյութ)

Օգոստոս 23,2016 13:13

«Շնորհավորում եմ բոլորին, մեր ժողովրդի պատմական, հրաշալի եւ գեղեցիկ օրերից մեկի առիթով: 26 տարի առաջ այս օրը մեր պատմության մեջ երեւի ամենալավ փաստաթուղթն է ընդունվել: Դա մեր պետության անկյունաքարն է»,-այսօր`Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, «Հայացք» մամուլի ակումբում ասաց 26 տարի առաջ այդ Հռչակագիրը ընթերցած Արամ Մանուկյանը: Նա այսօր Հռչակագրի օրինակներ նվիրեց լրագրողներին:

Արամ Մանուկյանը խոսեց այն մասին, թե որքան համարձակ, գրագետ ու մշակված քայլ էր Անկախության հռչակագրի կազմումը եւ ընդունումն այն ժամանակ`այլ պետության`Խորհրդային միության կազմում: Նա հիշեց, որ 1990-ին երկու առաջնային խնդիր կար`ԳԽ նախագահի ընտրություններ եւ Հռչակագրի ընդունում: Հինգ քվեարկություններից հետո միայն, շատ քիչ ձայների տարբերությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահ: Արամ Մանուկյանը հիմա արդեն վստահ ասում է`եթե տեղերը փոխվեին, ապա հնարավոր է՝ Հռչակագիրը չծնվեր:

Հիմա, ըստ նրա, Հայաստանն այս իշխանությունների շնորհիվ դարձել է ոչինչ եւ որեւէ լծակ չունի իր անկախությունը խորացնելու համար:

Այլ մանրամասները`տեսանյութում

Անկախության կորստի համատեքստում նա խոսեց ԼՂՀ կարգավորման հարցում առկա բարդություններից ու նկատեց, որ ԼՂՀ հարցում հաջողություն մենք ունեցել ենք ՌԴ-ի, Իրանի օգնության հաշվին, Թուրքիայի չեզոքության եւ միջազգային կառույցների աչք փակելու հաշվին: Մինչդեռ, ըստ նրա, մենք այսօր կանգնած ենք մեր բարեկամների`մեզ համար անհետացման ճանապարհին. «Մեզ ավելի վատ օրեր եւ ծանր փորձություններ են սպասվում եւ եթե ԼՂՀ հարցում երբեմն առաջարկվել են բարդ վիճակներ, այժմ դրան էլ գումարվել է կարճ ժամկետը, որի ընթացքում պետք է պատասխան տան»:

«Ոչ մի թիզ հողը», ըստ բանախոսի, նշանակում է դուրս գալ բանակցություններից եւ նրանք , ովքեր այսօր մերժում են բանակցությունները, ըստ էության, դրական վիճակի չեն բերում մեր երկիրը: «Հայաստանում էյֆորիա է տարածված, որ Հայաստանը զիջում չպետք է անի, սա անառողջ վիճակ է: Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ազատամարտիկը, հասարակական կազմակերպությունը կարող են սա չգիտակցել, բայց իշխանությունը, քաղաքական իշխանությունը պետք է զգոն լինի»,- ասաց նա: Դիտարկմանը, որ հենց իշխանական շրջանակները խոսում են փոխզիջումներից, բանախոսը հակադարձեց`թող հստակ նշեն, թե ի՞նչ են ակնկալում ստանալ եւ ինչի դիմաց:

Aravot.am-ի հարցին էլ, որ Հայաստանի բոլոր իշխանությունները խոսել են փոխզիջումներից, այն պարագայում, երբ Ադրբեջանը մշտապես կոշտ դիրքորոշում է ունեցել ու հիմա կրկին բարդ վիճակի առջեւ ենք կանգնած, գուցե դա՞ էր մեր խնդիրը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Տարածքներ կորցրած երկիրը գոնե լեքսիկոնի առումով չի կարող կոշտ չլինել: Իրենց մոտ միշտ խոսքն էր, մեզ մոտ`գործը: Բայց հիմա, մերոնք էլ են սկսել խոսել: Գործի առումով է, որ մենք ձախողումների գնացինք: Ապրիլը փաստ չէ՞ր: Էս իշխանությունները հետեւություններ արեցի՞ն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031