Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի կայազորային դատարանի տարածքում այսօր հրապարակվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մովսեսյանի, Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման:
Հիշեցնենք, որ Պերմյակովը ծնունդով Չիտայից է: Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է’ խուսափելով պարտադիր ծառայությունից։ 2014-ի դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:
Կարդացեք նաև
Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1,5,8 կետերի հատկանիշներով, այն է` երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով, այն է`ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329 հոդվածի առաջին մասով, այն է` պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:
Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր ճանաչվեց իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվեց ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:
Պերմյակովի պատժին գումարվեց նաև Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը: