Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի «համատեղ հայ-ռուսական հանրապետություն»

Օգոստոս 23,2016 22:00

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հայաստանյան այցը, որն ուղեկցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությամբ (նա մեկնել էր Բրազիլիա` մեր մարզիկների ելույթներն ունկնդրելու), մի նոր «ավետիս» բերեց:

Պարզվում է, ինչպես հավաստիացնում է Շոյգուի տեղակալ Անտոնովը, Հայաստանն ու Ռուսաստանը «մոտ են» հայ-ռուսական մի նո՛ր պայմանագրի ստորագրման: Եվ ոչ ավել, ոչ պակաս՝ «համատեղ զորախմբավորման» մասին: Իսկ ռուսական «փորձագիտական» շրջանակներն էլ մասնավորեցնում են, որ հայկական կողմը դրա համար պետք է «տրամադրի» 4-րդ բանակային կորպուսը:

Հայկական կողմն այդ «ավետիսը» շրջանցեց քար լռությամբ՝ բացառությամբ ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի, ով հայտարարեց, որ խոսք է գնում ինչ-որ «արդեն գործող» ձեւաչափի մասին, եւ ուրիշ բան չկա՝ բացի թվաքանակի եւ գործառույթների ճշգրտումից:

Այլ մանրամասներ ՊՆ մամլո քարտուղարը չնշեց, սակայն ՊՆ կողմից բերված պարզաբանման մեջ, ինչպես ՀՕՊ «համատեղ» համակարգի պարագայում, հղում կա 2000 թվականին ստրագրված ինչ-որ խորիմաստ անվանումով պայմանագրի՝ «Զորքերի համատեղ կիրառման մասին», որով Հայաստանն ու Ռուսաստանը պետք է «համատեղ», «ընդհանուր հրամանատարության ներքո» լուծեն Հայաստանի եւ Ռուսաստանի «համատեղ պաշտպանության» հարցերը:

Իհարկե, առայժմ ոչ ոք հարց չի տալիս, թե մենք Ռուսաստանի ի՞նչը պիտի «համատեղ» պաշտպանենք եւ ինչո՞ւ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանը մեզ ինչո՞ւ պետք է պաշտպանի: Եվ դեռ պաշտոնական Երեւանի կողմից հարց տվող չկա. եթե պաշտպանող էր, բազմաթիվ «առիթներ» կային, ի՞նչ է, «միացյալ զորախմբավորո՞ւմն» էր, որ պակասեց, որ, ասենք, պարոն Բորդյուժան բարեհաճի հայտարարություն անել Ադրբեջանի սանձարձակության անթույլատրելի, անընդունելի լինելու մասին: Թե՞ պարոն Ռոգոզինը հենց լսի «միացյալ զորախմբավորման» առկայության մասին՝ այլեւս կդադարեցնի Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարելը եւ «փսլինքների» մասին հրապարակային դատողություններ անելը: Թե՞ տիկին Զախարովան կպարտավորվի այլեւս «գիտահետազոտական բացատրություններ» չտալ, թե ինչքա՜ն լավ կլինի, եթե Թուրքիան էլ մասնակցի Ղարաբաղյան կարգավորմանը: Թե՞, վերջապես, պարոն Պուտինն այլեւս անպարկեշտ առաջարկություններ չի անի Հայաստանին, սեպտեմբերի 3-ի համար Կարմիր հրապարակից ներողություն կխնդրի, Ադրբեջանին տրամադրված զենքը հետ կվերցնի եւ կհանձնի ԼՂՀ Պաշտպանության բանակին, Գյումրիի ռազմաբազայի համար տարեկան կես միլիարդ դոլար փող կտա Հայաստանին, մի այդքան էլ «Էրեբունիի» համար, մի այդքան էլ Իրանի սահմանի վրա մեզ «պաշտպանելու-փրկելու» համար, «Գազպրոմ-Արմենիան» կվերադարձնի հայ ժողովրդին…

Ի դեպ, եթե իրոք նման բան կա, այլ ոչ թե ռուսական կողմն իր երազանքն է բարձրաձայնում, ձեռքի հետ էլ շանտաժի ենթարկում Երեւանին, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի՝ Զախարովայի հանգույն «գիտահետազոտական» բացատրություններ կլսենք: Ասենք, որ դա «էլ ավելի» կամրապնդի, կընդլայնի, կխորացնի, կբարձրացնի ու չգիտեմ էլ ինչ կանի հայ-ռուսական դարավոր ռազմավարական հարաբերությունները: Իշխող Հանրապետականի «ծանր հրետանին», մեկ-երկու նախկին պաշտպանության նախարար եւ թոշակառու գեներալ, Ռուսաստանի քաղաքացի «սփյուռքահայ» կբացատրեն, որ դա «մասնագետների հարց է», այլ ոչ թե պարզ մահկանացուների: Նրանց կմիանան, իհարկե, ԵՏՄ-ին կողմ քվեարկած մեր «պետականամետ» ընդդիմադիրները, դրա մասին կլռեն «ոչ հակառուսական», «ոչ-ոչ»-ի եւ «միայն ինքնիշխանության» գծի մեջ գտնվող ուժերը, որոնք շարունակում են լռել ԵՏՄ-ի հետ կապված, «ապագաղութացման» թեզը վերջերս շրջանառության մեջ դրած արմատական-հեղափոխականները կասեն, որ կարեւորը «ոչ մի թիզն» է, եւ իրենք նման «մանր-մունր» հարցերով չեն զբաղվում, կարեւորը՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», հիմա ստեղծում են՝ քարը գլուխը… եւ այդպես շարունակ:

Իհարկե, սա զուտ տպավորություն է: Բայց եւ՝ ոչ այնքան անհիմն եւ զուտ հիպոթետիկ վարկած:

Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին, երեւի թե արժե ոչ թե երկրի ինքնիշխանության շան պոչը մաս-մաս կտրել, այլ միանգամից:

Էլ ի՞նչ համատեղ զորախմբավորում, ի՞նչ համատեղ գազ, համատեղ բենզին, համատեղ երկաթգիծ, համատեղ ԵՏՄ, համատեղ ՀԱՊԿ, համատեղ կրիմինալ, համատեղ օլիգարխիա, համատեղ կոռուպցիա, համատեղ Պերմյակովի դատ, Անկախության օրվա հայ-ռուսական համատեղ շքերթն էլ ենք տեսել…

Այսքանին էլ գումարած երկքաղաքացիությունն օրվա հրամայական է դարձնում հարցերը միանգամից լուծելու: Իսկ ինչո՞ւ ոչ: Զորի Բալայանը եւս մի նամակ կգրի, որ դառնանք Հայաստանի «համատեղ հայ-ռուսական հանրապետություն», եւ այլեւս ոչ մի գլխացավանք: Կարեւորը, որ Լարսով ծիրան-լոլիկ-ձուկը գնա, մնացածը…

…«Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»։ Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։

Ավետարան՝ ըստ Ղուկասի, 23:34

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

23.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. yurik_baghdasaryn says:

    Հայ-ռուսական նախորդ պայմանագրերը հիմք են տալիս ենթադրելու ,որ այս կնքվելիք պայմանագիրը եվս կարժանանա դրանց բախտին:Միայն միամիտ հայը կարող է մտածել ,որ 4-րդ բանակային կորպուսի եվ ռուսական 102-րդ ռազմաբազայի միավորման արդյունքում Նախիեջեվանի հետ մեր սահմանի վրա հայ դիրքապահների կողքին կհայտնվեն ռուս զինվորներ ,կամ 4-րդ բանակային կորպուսի զինանոցը կհարստացվի ու կթարմացվի:Ակնհայտ է,որ այդ քայլով ՌԴ-ն հզորացնում է իր ներկայությունը տարածաշրջանում եվ հարկ եղած դեպքում կօգտագործի այդ միավորված զորախումբը իր շահերի համար հաշվի չառնելով դրա հետեվանքները Հայաստանի համար:Օրինակ ով կարող է բացառել ,որ սիրիական պատերազմում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ ,որ ՌԴ-ն անցնի ցամաքային գործողության Իրանի վրայով Սիրիա տեղափոխելով հենց միավորված այդ զորախումբը:Հոդվածի հեղինակը շատ ճիշտ վերնագիր է դրել իր հոդվածին ,որով ամեն ինչ ասվում է:

  2. nairi urartatsi says:

    Եթե այսպես շարունակվի ոտնահարվել մեր երկրի, մեր պետության ու ժողովրդի
    շահերը, մոտալուտ ժամանակներում հայ ժողովուրդը կկանգնի եվս մեկ անգամ
    ցեղասպանության ենթարկվելու վտանգի առաջ՝ իր իսկ հայրենիքում, որից խուսափելու
    միակ ճանապարհը կմնա համաժողովրդական հուժկու ընդվզումն ու ապստամբությունը:
    Մնացած բոլոր կոսմետիկ քայլերը ի զորու չեն լինի կանխելու աղետը:
    Խոսքը պետական այրերինն է, որոնք մոռացել են, որ պետության հիմքը ժողովուրդն է և
    նրա հետ հաշվի պիտի նստել՝ երկրի ու ժողովրդի ճակատագրին վերաբերող ամեն մի կարևորագույն քայլ անելիս:

  3. Адамян says:

    ))))) Молодцы! Теперь идите получать 30 среб. Вот если бы еще и про Путина написали, точно бы получили не 30, а сразу 60 сребренников!! Вы заметили, что сами пишите,сами читаете, сами ставите “смайлики”? А народ никакого отношения к вам как не имел, так и не имеет! И не будет иметь! ))))) Собака лает……. караван идет!!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031