Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Որեւէ իրական սեփականատեր, որը կմասնակցի պետգնումների ոլորտին, պետք է բացահայտվի. «Հրապարակ»

Օգոստոս 23,2016 11:08

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հինգշաբթի, ամփոփելով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկու ամսվա աշխատանքը, մեր իրականության համար, կարելի է ասել, հեղափոխական ելույթ ունեցավ կառավարության նիստում, որից հետեւում է, որ ՀՀ-ում գործող հակակոռուպցիոն մարմինները թերի են, եւ պետք է դրանք վերափոխել, նաեւ պետք է մշակել նոր օրենքներ, որոնք կօգնեն կանխել պաշտոնյաների ապօրինի հարստացումը, բացահայտել նրանց եւ նրանց փոխկապակցված անձանց իրական եկամուտներն ու դրանց աղբյուրները, ընկերությունների իրական սեփականատերերին եւ այլն։ Երեկ Արփինե Հովհաննիսյանը «բացեց» թեման «Հրապարակի» համար։

– Իրական սեփականատերերի բացահայտման մասին եք խոսել։ Ինչպե՞ս եք անելու, որ պաշտոնյան չթաքցնի իր կապն այս կամ այն ընկերության հետ։

– Միջազգային հանրությունն էլ է նոր սկսել այս մասին բարձրաձայնել։ 2015-ին ԵՄ բոլոր երկրներին հանձնարարական է տրված մինչեւ 2017 թվականի հունիսն ավարտին հասցնել իրական սեփականատերերի մատյան ստեղծելու գաղափարը։ Մի քանի երկիր են սկսել այդ աշխատանքը՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Դանիան ու Սլովակիան։ Յուրաքանչյուր երկիր ընտրել է այն ոլորտը, որն ինքն ավելի ռիսկային է համարում։ Օրինակ, Մեծ Բրիտանիան հատկապես անշարժ գույքի շուկան է կարեւորել։

Մենք, որպես առաջին քայլ, նախագիծը ներկայացնելու ենք պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված։ Այն կազմակերպությունը, որը ցանկանում է մասնակցել պետգնումների մրցույթին, պարտավորված է լինելու բացահայտել, թե ովքեր են իր իրական սեփականատերերը, անկախ նրանից՝ Հայաստանում գրանցված է, թե ոչ, ընդ որում՝ նշել 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերին կամ իրական շահույթ ունեցողներին։ Դա լինելու է հրապարակային։ Ոչ թե կազմակերպությունն է բացահայտվելու, այլ ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատերը։

Մենք պահանջելու ենք նաեւ իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ այս մարդը տվյալ ընկերության իրական սեփականատերն է։ Եթե կեղծ լինեն տվյալները, բնականաբար, անձը պատասխանատվության կենթարկվի։

– Գաղտնիք չէ, որ մեր երկրում, այս մասին միշտ գրել է մամուլը, նախագահը, վարչապետը, երկրորդ նախագահը, նախարարները, նրանց կանայք ունեն կազմակերպություններ, բիզնես, բոլորը մեծ ունեցվածքի, բազմաթիվ ընկերությունների տեր են։ Նրանք է՞լ են բացահայտվելու։

– Որեւէ իրական սեփականատեր, որը կմասնակցի պետգնումների ոլորտին, պետք է բացահայտվի։ Հայաստանը կարեւոր առանձնահատկություն ունի՝ փոքր պետություն է, որտեղ դժվար է իրական սեփականատերերի ով լինելը գաղտնի պահել։ Այս ոլորտում ուժեղ հանրային հսկողություն է լինելու, որի դերը թերագնահատել պետք չէ։ Առայժմ խոսքը պետգնումների մրցույթներին

մասնակցելու մասին է։ Անկախ նրանից, թե ով կլինի, եթե մասնակցում է պետական գնումներին եւ կազմակերպության բաժնետեր է, պետք է բացահայտվի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կապրենք կտեսնենք•••; թե ինչքանով կարող եք դա իրականացնել; հետո այդ մի ոլորտով ինչու եք բավարավել; շատ ավելի կոռումպացված ոլորտներ էլ ունենք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031