Ողջո՛ւյն հարգելի ներկաներ՝ երկրապահներ, մայրեր, քույրեր.
Ջերմագին երկրապահական ողջո՛ւյն Արցախ աշխարհին, Հադրութի վարչական շրջանին, Էդիլլու ձորակի բնակչությանը։
Բոլորս ենք հիշում 1992-ի դաժան օգոստոսյան օրերը, որ Հադրութի համար ճակատագրական էին. ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ: Ժամանակները ծանր էին, ունեցանք բազում զոհեր, սակայն Հադրութը չծնկեց թշնամու առաջ. հակառակորդին տալով արժանի հարված` հայ քաջորդիները կարողացան Արցախի հարավային դարպասը պահել անառիկ: Այդ հաղթանակը կայացավ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգի ջանքերով՝ հադրութցու, շուշեցու, էջմիածնեցու, երեւանցու, ստեփանակերտցու, ստեփանավանցու, գյումրեցու, տավուշցու, սփյուռքահայի՝ բոլորիս։
Հադրութն ինձ համար հատկապես հոգեհարազատ տարածք է, քանի որ, զինվորագրվելով Արցախյան ազատամարտին, դեռ 1988-ից , էջմիածնեցի կամավորականների հետ տեղակայվել ենք Հադրութի Էդիլվա ձորակում, Արցախի տարածքի առաջին գյուղը, որ ազատագրել ենք, եղել է Հադրութի Հողերը: Հադրութցին վստահել եւ գնահատել գիտե. այդ պատճառով էլ դեռ ընթացող պատերազմի ժամանակ այս ժողովուրդն ինձ ընտրեց Արցախի ԱԺ պատգամավոր Հադրութի տարածքից՝ Էդիլվա ձորակից:
Կարդացեք նաև
Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել:
Վստահեցնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, որ Հադրութին` մեր պատմական Դիզակ աշխարհին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում հազարներով կհայտնվենք առաջնագծում: Երկրապահն իր երդմանը հավատարիմ է, ինչի անառարկելի ապացույցն է այս տարվա ապրիլյան պատերազմը: Հայ ազգի միասնությունն այս անգամ էլ հարկադրեց թուրք-ազերուն հրաժարվել իր նվաճողական նենգ ծրագրերից: Այդպես է լինելու միշտ, հայկական տարածքների նկատմամբ ամեն մի ոտնձգություն խստորեն պատժվելու է:
Փա´ռք աշխարհասփյուռ հայ ազգին:
Փա´ռք 25-ամյա Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը:
Փա´ռք Հադրութին եւ հադրութցուն:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան