Ապրիլյան պատերազմից հետո, մայիսի 12-ի կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց անցնել պետական բյուջեի խնայողության առավել խիստ ռեժիմին: Վարչապետն ասել էր՝«Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ՝ գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»:
Վարչապետի այս հանձնարարությունից մեկ ամիս անց ՀՀ ոստիկանությունը բավականին խոշոր գնումներ է կատարել մեկ անձից գնման ընթացակարգով: Օրինակ՝ հունիսի 1-ին ոստիկանությունը 40 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան»-ի հետ՝ավտոմեքենանների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման համար:
Հունիսի 2-ին ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանը պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ մեքենաների սպասարկման համար եւ դրա համար պետբյուջեից վճարել 750 հազար դրամ, եւ ինչպես նշված է պայմանագրում , ոստիկանության զորքերին պատկանող 5 ավտոմեքենաների ընթացիկ սպասարկման ծառայության համար:
Վարչապետի հանձնարարականից հետո ոստիկանությունը միայն հունիսի ամսին ավիատոմսերի՝ այսինքն` գործուղումների մեկնելու համար ձեռք բերված տարբեր ուղղություններով ավիատոմսերի համար պետբյուջեից վճարել է 10 միլիոն 619 հազար դրամ: Հունիս ամսվա մյուս խոշոր ծախսը, ըստ մեկ անձից գնումների, մեքենաների ապահովագրության համար է կատարվել: Այս ուղղությամբ ոստիկանությունը 20 միլիոն 543 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանսի» հետ՝ ճանապարհային ոստիկանության 365 ավտոմեքենաների համար: Ճանապարհային ոստիկանության 39 ավտոմեքենա ոստիկանությունը 6 միլիոն 904 հազար դրամի ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիր է կնքել «Նաիրի ինշուրանս»-ի հետ:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանությունը 13 միլիոն 348 հազար դրամի պայմանագիր է կնքել «Էյջ Էս Ընդ Էյ» ընկերության հետ՝ համակարգչային սերվերներ ձեռք բերելու համար եւ կրկին մեկ անձից գնումների ընթացակարգով: Նույն ընկերության հետ ոստիկանությունը նաեւ 9 միլիոն 344 հազար դրամի գնումներ է կատարել լիցենզիաների կառավարման համակարգչային ծրագրային փաթեթների ծառայությունների համար:
2 միլիոն 125 հազար դրամ էլ նույն ընթացակարգով փորձարկող սարքերի վերանորոգման եւ պահպանման ծառայությունների գնումներ է կատարվել: 1.5 միլիոն դրամի պայմանագիր էլ ոստիկանությունը կնքել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական կենտրոնի հետ՝ ծրագրային ապահովության մշակման ծառայությունների մատուցման համար:
Իսկ աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ պայմանագրով ոստիկանությունը Ռուսաստանի Ռոստով քաղաք է գործուղել 3 աշխատակցի՝ Ռոստովի հետախուզական շնաբուծական դպրոց՝ վերապատրաստման: Այս վերապատրաստման՝ 79 օրվա ծախսերը, որի մեջ մտնում է նաեւ ծառայողական շների կերակրումը, անասնաբույժի ծառայությունը, հյուրանոցում ապրելն ու սնունդը կազմել է, ինչպես պայմանագրում է գրված՝ 355 500 ռուբլի, որը չպիտի գերազանցի, ըստ պայմանագրի, 2 միլիոն 332 հազար 800 դրամը:
Ոստիկանությունը փոստային ծառայությունների համար էլ 1 միլիոն 480 հազար դրամի պայմանագիր է կնքել «Հայփոստի» հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ժողովուրդ չէք կարծեր որ աներեսութիւնն ալ պէտք է սահման մը ունենայ ”