«Երթերի, խաղաղ հավաքների կազմակերպիչները եւ ղեկավարները, որոնց թվում նշում են Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը անհիմն էր, առավել եւս անհիմն էր խափանման միջոցը՝ կալանքի վերաբերյալ որոշումը: Ազատության մեջ գտնվելու ելքերից մեկը կալանքը, որպես խափանման միջոց գրավի դիմաց փոխարինելն էր, որը որոշ դեպքերում դատարանը բավարարեց: Ինչպես քաղաքական որոշման արդյունքում նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացրին, քրեական գործեր հարուցեցին ու կալանավորեցին, այնպես էլ քաղաքական որոշման արդյունքում էր նրանց մի մասին ազատ արձակելը:
Համոզված եմ, որ Անդրիաս Ղուկասյանի ու Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ էլ են կիրառելու գրավը եւ նրանք էլ են ազատության մեջ հայտնվելու: Այն, որ հիմա երեքի նկատմամբ իրականացրին գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխությունը, դա հենց իրենք քաղաքական նպատակն էր՝ որոշակի տարաձայնություններ առաջացնել, ինչը հիմա տեսնում ենք: Պետք չէ տուրք տալ նման քաղաքական որոշումների հիման վրա կայացված այդ քայլերին, պետք է հասկանալ՝ ընտրողական արդարադատությունը՝ բաժանել, որ տիրես այդ մտածողությունը, իշխանության գործիքներից մեկն է, որ իր դեմ հանրային բողոքները ջլատի»,- անդրադառնալով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» կազմակերպված երթերի ժամանակ կալանավորվածներին ու նրանց մի մասին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումներին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, քրեական գործերն ընդհանրապես չպետք է հարուցվեին, դրանք.«Ակնհայտ քաղաքական հետապնդում են, գրավի կիրառումը ընդամենը ստիպված քայլ է, այդ էլ կատարվել է ոչ պատահական, այստեղ կարեւոր է միջազգային հանրության ՝ ԵՄ, ԱՄՆ դեսպանատան վերաբերմունքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ