Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով «Բազե-2016»-ի մասնակիցներին, ընդգծել է, որ գոյության 14 տարիների ընթացքում «Բազեին» հաջողվել է համախմբել հազարավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից և սփյուռքից. «Այս եռամիասնությունն ամրապնդում է մեր պետականությունը և նպաստում ազգային արժեքների և գաղափարների տարածմանը։ ՀՀ կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդության հարցերը։ Ներդրված և իրականացվող ծրագրերի նպատակն է ոչ միայն լուծել խնդիրները կարճաժամկետ հեռանկարում, այլև ստեղծել կայուն հիմքեր և ապահովել երիտասարդության համակողմանի զարգացման համար նպաստավոր պայմաններ»։ Կառավարության ղեկավարն առանձնացրել է երիտասարդների դերն առաջացած մարտահրավերները դիմագրավելու գործում։ «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի անցկացմամբ մենք հերթական անգամ կընդգծենք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով օժտված երիտասարդների համախմբման կարևորությունը, ինչը նպաստում է մեր պետության հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ «Բազե» ռազմահայրենասիրական, մարզական և մշակութային հավաքն իր պատմության 14 տարիների ընթացքում կարողացել է ապացուցել, որ կայացած, սիրված ու սպասված ծրագիր է։ «Երբևէ որևէ երիտասարդական ծրագիր այսքան երկար պատմություն չի ունեցել և այսքան սպասված չի եղել երիտասարդների կողմից։ Եվ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հավաքի 7 օրերի ընթացքում հին ավանդույթները շարունակվեն, այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որպեսզի հավաքի այսօրվա մասնակիցներն իրենց փորձով, հիշողություններով կիսվեն վաղվա բազեականների հետ։ Հավաքի մասնակիցների շնորհիվ «Բազեն» դարձել է մասնագիտական մրցատեղի, քանի որ մի քանի ուղղություններով անցկացվում են պրոֆեսիոնալ մրցույթներ»,- ասել է Կարեն Ավագյանը։
Կարդացեք նաև
Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետը, կրթության և գիտության նախարարը, Երևանի քաղաքապետը պատասխանել են բազեականների հարցերին, որոնք առնչվում էին կրթական, տնտեսության զարգացման, մայրաքաղաքի տրանսպորտի, հաշմանդամություն ունեցողների սպորտով զբաղվելու և բազմաթիվ այլ խնդիրների։ Վարչապետը նաև թենիս է խաղացել հավաքի մասնակիցների հետ։
Նշենք, որ «Բազեին» մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։
Յոթօրյա հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը չափում են մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերում (լող, բազկամարտ, ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ազգային խաղեր, սպորտլանդիա, նկարչություն, երգ, պար, նորաձևություն և այլն)։
Բացի մրցութային խաղերից, հավաքի մասնակիցների համար կազմակերպվում են նաև հանդիպում-քննարկումներ պետական, հասարակական գործիչների հետ, անցկացվում են կինոդիտումներ, ժամանցային ծրագրեր։
Ի դեպ, հավաքի գործընկեր Gold’s Gym-ում արդեն կայացել են լողի մրցումները, որոնց ընթացքում հաղթող է ճանաչվել նարնջագույն ճակատը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն