ffa.am. Օգոստոսի 22-ին կայացավ ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստը: Չնայած այն հանգամանքին, որ «Փյունիկ» և «Գանձասար-Կապան» ակումբների կողմից բողոքներ չէին ներկայացվել օգոստոսի 21-ին կայացած Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն և Մրցավարական Բաժինը, հիմք ընդունելով խաղի տեսուչ Ս. Ղազարյանի զեկուցագիրը, համատեղ դիտեցին տեսուչի կողմից զեկուցագրում նշված դրվագների տեսագրությունը, որի արդյունքում պարզվեց.
Խաղի 13-րդ րոպեին «Փյունիկ» թիմի դարպասին սխալմամբ չի նշանակվել 11 մետրանոց հարված, և «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորին անհիմն ցույց է տրվել կարմիր քարտ` կեղծակերպ արարքի համար երկրորդ զգուշացում ստանալու համար:
Խաղի 52-րդ րոպեին մրցավար Զ. Հովհաննիսյանը կոպիտ խաղի համար «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի փոխարեն սխալմամբ դեղին քարտով պատժել է «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանին:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին.
Կարդացեք նաև
Միաձայն համաձայնվել տեսուչի որոշման հետ, մրցավար Զավեն Հովհաննիսյանին որակազրկել համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի, կետ 9-ի, որոշումը ներկայացնել ՀՖՖ ՄԿԱ բաժին` խաղի արձանագրությունում համապատասխան ուղղումներ կատարելու համար.
1.Չեղյալ հայտարարել «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորի 13-րդ րոպեի ստացած դեղին քարտը:
2.Չեղյալ հայտարարել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանի խաղի 52-րդ րոպեին ստացած դեղին քարտը և այն գրանցել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի վրա: