ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծվել է ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդումը
2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության և հասարակության միջև վստահությունն ու համագործակցությունը:
Դեսպան Ավակովը տեղեկացրեց ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ-ի մոտեցման վերաբերյալ. բարեփոխման շրջանակներում նախատեսվում է քաղաքացիական հասարակության և իշխանության միջև համագործակցության խթանում և անկախ մոնիտորինգի և վերահսկման մեխանիզմների ամրապնդմանը օժանդակում:
Նա ներկայացրեց Գրասենյակի նախաձեռնությունը ստեղծելու քաղաքացիական հասարակության խորհրդատվական խորհուրդ, որը ԵԱՀԿ-ի աշխատանքում կծառայի որպես խորհրդակցական մարմին անվտանգության ոլորտի բարեփոխումների մասով:
Կարդացեք նաև
Կոնկրետ ոստիկանական աշխատանքի ոլորտում դեսպանը նկարագրեց ԵԱՀԿ նախաձեռնությունները, որոնք կարող են խթանել ուղղակի երկխոսություն ոստիկանության, քաղաքացիական հասարակության և լայն հասարակության միջև այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են հասարակական կարգի պահպանումը և հավաքների ազատության իրականացումը:
Ոստիկանության պետի տեղակալն առաջարկեց կազմակերպել ոստիկանություն-ԶԼՄ-ներ կլոր սեղաններ՝ բարելավելու ոստիկանության հարաբերությունները ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ոստիկանության և ԶԼՄ-ների միջև կլոր սեղանների նախորդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված որոշ մտահոգություններ՝ կապված հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունների հետ, ցավոք, մնացել են չլուծված: Գրասենյակն առաջարկեց, որ ոստիկանությունը հաշվի առնի բարձրացված հարցերը և կլոր սեղանի քննարկումների արդյունքում պատրաստվեն առաջարկություններ և լուծումներ՝ կապված Հայաստանում հասարակական կարգի պահպանման բարելավման հետ:
Դեսպան Ավակովը ցավակցություն հայտնեց ոստիկանության պետի տեղակալին՝ զոհված ոստիկանների կապակցությամբ ու բարձր գնահատեց բանակցողների արհեստավարժությունը, որոնք կանխեցին Էրեբունու ՊՊԾ գնդում պատանդների ու զինյալների շրջանում կյանքերի կորուստը:
Դեսպան Ավակովը ողջունում է վերջին ցույցերի ընթացքում լրագրողների և ցուցարարների նկատմամբ առանձին ոստիկանների կողմից ոչ պատշաճ վարքագծի ու բռնության մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:
ԵԱՀԿ լավագույն փորձը ենթադրում է, որ ոստիկանական ուժերը, այլ իրավապահ մարմիններն ու բանտային ծառայությունները ենթակա լինեն անկախ վերահսկողության համակարգերի՝ թափանցիկ ներքին կանոնակարգով ու հանրային բողոքների ընթացակարգով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
«Առավոտի» կողմից նշենք, որ այս հանդիպման մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաեւ ՀՀ ոստիկանությունը, որում կա պնդում, որը բացակայում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հաղորդագրությունում. «Դեսպան Արգո Ավակովը նշեց, որ հետևել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը, ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում»: