Օգոստոսի 19-ին Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում տրվեց Գերմանիայում հայկական մշակութային օրերի մեկնարկը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պաշտոնյաներ, Բեռլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան Բեռլինի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Միխայել Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն պրոֆեսոր Էլիզաբեթ Թիթմայերը:
Միջոցառման ընթացքում «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային հայտնի համույթը հանդես եկավ ժամանակակից ջազի, ֆոլկի, ռոքի կատարումներով:
ՀՀ մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության և Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված Գերմանիայում հայկական մշակութային օրերը կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը:
Կարդացեք նաև
Միջոցառման շրջանակներում Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում կցուցադրվի Էրոլ Գուրիանի՝ «Երազանքի օրեր» խորագիրը կրող «terra arMenia» լուսանկարների շարքը: Հեղինակը լուսանկարել է տարբեր երկրներում բնակվող սփյուռքահայերին՝ ներկայացնելով նրանց ընտանեկան պատմությունները ու Հայաստանում սիրած վայրերը:
Սեպտեմբերի 22-ին Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային երաժշտության դահլիճում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես կգա համերգով, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին և անցկացվելու է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար դր. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի բարձր հովանու ներքո:
Մշակութային օրերի շրջանակներում կցուցադրվի 20-րդ դարի հռչակավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» գեղարվեստական կինոնկարը: Հայ և գերմանացի գիտնականների մասնակցությամբ կանցկացվեն մի շարք համաժողովներ և քննարկումներ տարբեր թեմաներով` «Հայ եկեղեցի. պատմություն և ներկա», «Հայ գրատպության պատմությունը», «Հայաստան. Եվրոպայի դարպասն Արևելքում», «Հայրենիք-ինքնություն-հույզեր», «Հայերը Բեռլինում» և այլն:
ՀՀ ԱԳՆ