Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Պողոսյանի անչափահաս որդի. «Բա պապաս ո՞ւր ա» (Տեսանյութ)

Օգոստոս 22,2016 15:16

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել արդեն երրորդ ամիսը կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները, այդ թվում նաեւ նրա երեք անչափահաս որդիները: Ակցիայի ընթացքում, երեխաներից մեկն անընդհատ հարցնում էր. «Բա պապաս ո՞ւր ա»:

Ներսես Պողոսյանի հարազատները գտնում են, որ նրան անհիմն են կալանավորել եւ մինչ այսօր անհիմն կերպով պահում են կալանքի տակ: Ակցիայի պահին արդեն, վերաքննիչ դատարանում մեկնարկել էր Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու բողոքով նիստը: Նրա կինը՝ Լիա Պողոսյանն ասում է, որ իրենք չգիտեն, թե ինչի համար են ամուսնուն կալանավորել. «Ես նրան համարում եմ քաղբանտարկյալ»:

Nerses_Pogosyan_3 Nerses_Pogosyan_2

Ներսես Պողոսյանին, հիշեցնենք, կալանավորել էին մայիսի 31-ին: Նրան մեղադրում են քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Թե կոնկրետ ի՞նչ գործողություններում է մեղադրվում Ներսես Պողոսյանը`չի հիմնավորվում:

Լիա Պողոսյանն ամուսնուն առաջադրված մեղադրանքը համարում է ապօրինի եւ շինծու: Նա վստահեցնում է, որ ամուսինը բացարձակ կապ չունի Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի հետ. «2008 թվականից ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձնավորություն է, ընտանիքով մասնակցել ենք բոլոր հանրահավաքներին եւ ցույցերին: Նա ոչ մի ցուցմունք չի տվել ոչ մեկի դեմ, քանի որ բացարձակ կապ չունի ոչ Ծիծեռնակաբերդի մոտ տեղի ունեցած վթարի հետ, եթե, իհարկե, վթար եղել է, ոչ «Սասնա ծռերի» կամ ապրիլի 24-ի գործի հետ, որ հիմա երեք գործերը միավորել են`դրանով շատ բարդացրել են իմ ամուսնու քրեական գործը: Էդ վթարի ժամանակ ինքը ընդհանրապես աշխատանքի վայրում է եղել, իր հետ մարդիկ են եղել, կարող են վկայություն տալ: Քանի որ չգիտենք, թե կոնկրետ ինչումն ա ինքը մեղադրվում, կարծում ենք, որ իբրեւ ակտիվ քաղաքացի, ձեռքի տակ ա ընկել, Սեֆիլյանի կամ մյուսների դեմ գործ սարքելու համար»:

Nerses_Pogosyan_4

Nerses_Pogosyan_1

Ներսես Պողոսյանն ընտանիքի միակ կերակրողն է, բայց այս ընթացքում մերժվել են պաշտպանների բոլոր միջնորդությունները`օրենքով սահմանված կարգով հոգալ ընտանիքի ապրուստի հարցն այն պարագայում, եթե ընտանիքի միակ կերակրողը գտնվում է կալանքի տակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Վերաքննիչ դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու դիմումը: Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Նա տեղեկացրեց նաեւ, որ իր բողոքի հիմքերից մեկն էլ այն է, որ Ներսես Պողոսյանին կալանավորել են, հետո են իր դեմ ցուցմունք տվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031