«Հուլիսի 17-ից սկսած, երբ տեղի ունեցան ապօրինի բերման ենթարկելու գործողություններ, մենք առանձնացրել ենք քաղաքացիների, որոնք ապօրինի բերման են ենթարկվել, պահվել են անազատության մեջ որպես 1-ն խումբ»,- օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը:
Հաջորդ խումբը, ըստ նրա, այն անձինք են, որոնք այդ ժամանակահատվածում ոստիկանության կողմից ենթարկվել են ֆիզիկական բռնության կամ հոգեբանական այլ ճնշումների. «Բոլոր ապօրինությունների առնչությամբ 2 մասով առանձնացրած քրեական գործերի քննությունը իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Բայց այստեղ կարծում եմ արդեն պետք է բավականին լուրջ խնդիրներ բարձրաձայնել Հատուկ քննչական ծառայության գործունեության առնչությամբ:
Նախ՝ քանի որ Հատուկ քննչական ծառայությունը ունի սահմանափակ ռեսուրսներ: Այդ խնդիրը լուծելու համար ձեւավորվել է հատուկ քննչական խումբ եւ առանձին քննչական կոմիտեի քննիչները գործուղվել են այնտեղ, որպեսզի աշխատանքներ իրականացնեն: Բայց զուտ պայմանները եւ ընտրված կազմակերպչական ձեւը մտահոգիչ է, որովհետեւ միաժամանակ նույն սենյակում աշխատում են մի քանի քննիչներ եւ միաժամանակ իրականացնում են հարցաքննության գործընթացը»:
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ այն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ քննության համար, իրականացվել են բավականին ուշ. «Կան քաղաքացիներ, որոնց առնչությամբ դեռեւս դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ որոշումներ չեն կայացվել, բայց անձինք ունեն լուրջ վնասվածքներ, որոնք մինչեւ օրս դեռեւս նույնիսկ համարժեք բուժում չեն ստացել:
Կարդացեք նաև
Մենք ուղղակի այս ամբողջ պատկերը արձանագրելու համար դիմեցինք նաեւ առողջապահության նախարարություն եւ պաշտոնական պատասխան ենք ստացել, որ որոշում է կայացվել հենց նախարարի կողմից հուլիս ամսվա ընթացքում ոստիկանության գործողությունների հետեւանքով վնասված քաղաքացիները անվճար պիտի բուժում ստանան: Սա տարածվում է նաեւ այն դեպքերի վրա, որոնք ունեն շարունակություն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի