«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի մեկնաբանմամբ, ԼՂ հիմնահարցը թեւակոխել է եզրափակիչ փուլ. «Այն խոստումները, որոնք տրվում էին նախորդ նախագահների կողմից, հիմա պահանջ է դրված իրականացնելու: Վերջին պաշտոնական տեղեկատվությունը Կազանի փաստաթուղթն էր, եւ Սերժ Սարգսյանն ասաց՝ ընդունել է այդ փաստաթուղթը … նման ձեւաչափով հարցի լուծումն անընդունելի է, որովհետեւ թեեւ որպես պատճառաբանություն ասվում է, որ դա մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից, ես այդպես չեմ կարծում, եթե տարածքները զիջենք, դա ավելի մեզ կմոտեցնի պատերազմին: Կունենանք ավելի անպաշտպանելի դիրքեր»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Արա Պապյանը:
Ըստ նրա, այսօր բանակցային սեղանին դրված փաթեթը՝ տարածքներ կարգավիճակի, խաղաղության դիմաց, նոր չէ: Այն գալիս է դեռեւս 1994 թվականի Բիշկեքի զինադադար-համաձայնագրից, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներում է ամրագրվել, Կազանի փաստաթուղթ եւ այլն:
Նա նաեւ նկատեց, որ ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում ՌԴ դերակատարությունն ուժեղացել է. «ՌԴ-ն փորձում է ինքնուրույն խաղ խաղալ, արդյունքում մեզ համար բավականին բացասական զարգացումներ կան: ՌԴ-ն փորձում է ԼՂ հարցն օգտագործել սեփական շահն առաջ տանելու համար, մասնավորապես, Ադրբեջանին սիրաշահել ու բերել ԵՏՄ: Ինչ պետք է անենք մենք. պետք է անել մի բան, որի մասին պաշտոնապես տարիներ շարունակ չի ասվել: Պետք է Էապես փոխվի բանակցային գործընթացի հիմքն ու էությունը, այսինքն՝ տարածքներ՝ ինչ-որ բանի դիմաց սկզբունքը չեղյալ արվի: Փոխզիջումը համարժեք չէ ու չի կարող երբեւէ համարժեք լինել»:
Փոխզիջումը, ըստ պարոն Պապյանի, պետք է հետեւյալ կերպ իրականացվի. «Դե ֆակտո վերահսկվող տարածքները յուրաքանչյուր կողմը պահում է իրեն, մենք պահում ենք ներկա սահմանները, իսկ այն, ինչը դե յուրե մերն է, բայց չենք վերահսկում, խոսքը դաշտային Արցախի մասին է, հանուն խաղաղության դա ենք զիջում: Էլի Հայաստանի հաշվին է փոխզիջումը լինում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ