Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էպիլեպսիկ հիվանդը պետք է ամսական 3 նոպա ունենա, որ նրան հաշմանդամ ճանաչեն. Արմեն Սողոյան

Օգոստոս 22,2016 13:33

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, որը քաղաքացիների շրջանում առավել հայտնի է ԲՍՓ եւ որպես հաշմանդամության կարգ տրամադրող կառույց, պարբերաբար դժգոհություններ են լինում, թե այս կամ այն հիվանդության համար գործակալությունը հրաժարվում է կարգ տրամադրել: Այսօր Aravot.am-ը

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանից հետաքրքրվեց, թե կա՞ հիվանդությունների հստակ ցանկ, որի համար օրենքով նախատեսված է կարգը:
«Հիվանդություններն էական չեն, չկան հիվանդություններ, որոնց դեպքում անպայման տրվում է հաշմանդամություն եւ չկան հիվանդություններ, որոնց դեպքում չի տրվում: Կարեւոր է այդ հիվանդության ծանրության աստիճանն ինչպիսին է` գործառույթի խանգարում առաջացե՞լ է, թե՞ ոչ, խանգարումն ի՞նչ աստիճանի է, չափավորից ավելի պետք է լինի եւ բերի կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակման»,-պարզաբանեց Արմեն Սողոյանը:

Ըստ նրա, հնարավոր է մարդը սրտամկանի կաթված ունենա, նրա մի քանի անոթները վիրահատեն եւ 3-4 տարի անց նա հաշմանդամ չճանաչվի, քանի որ սիրտն ամբողջությամբ իր գործառույթն իրականացնի. «Բայց կարող է ոչ մի վիրահատություն չանեն, պարզապես սրտային անբավարարություն ունենա, նա հաշմանդամ ճանաչվի»:

Նույնը, ըստ Արմեն Սողոյանի, վերաբերում է էպիլեպսիա հիվանդությանը եւ որպեսզի այն ունեցող անձը ճանաչվի հաշմանդամ, նոպաները պետք է ամսական առնվազն երեք անգամ կրկնվեն եւ կես տարի տեւեն:

Այս կառույցի հետ առնչված 11 հոգի դժգոհությամբ նախարարության «թեժ գիծ» է դիմել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ցածր թիվ է կազմում: Անցյալ տարի 61 անձ է բողոքել:

«Դիալոգ» ակումբում պարոն Սողոյանն ասաց, որ հուլիսի 1-ի դրությամբ մեր երկրում հաշվառված է 202 հազար 839 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8016-ը երեխաներ են: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կազմում են բնակչության 6,7 տոկոսը:
Գերակշռողը արյան շրջանառության, հոգեկան առողջության, էնդոկրին եւ նյարդային համակարգերի, վարակային հիվանդություններն են, նորագոյացությունները:

Գործակալության պետի տվյալներով՝ տարեկան 5-7 հազար հոգով հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելանում է:

Պարոն Սողոյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում նաեւ վերականգնողական աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքում 1633 անձ վերականգնել է առողջությունը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031