Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանի եւ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը մնաց նույնը

Օգոստոս 22,2016 13:11

ՀՀ վերաքննիչ դատարանն ավարտեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի եւ Արեգ Կյուրեղյանի կալանքը վերացնելու մասին բողոքների քննությունը: Երկու դեպքում էլ բողոքները մերժվեցին: Եվ Վարուժան Ավետիսյանը, եւ Արեգ Կյուրեղյանը կմնան կալանավորված:

Նրանք, հիշեցնենք, երկամսյա կալանքի տակ են: Վարուժան Ավետիսյանի եւ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում առայժմ ձեռնպահ մնաց գնահատել սույն որոշումները, թեկուզ այն պատճառով, որ որոշումների գրավոր տեքստերը դեռ ձեռքի տակ չուներ:

Միջնորդություն էր ներկայացվել նաեւ նրանց գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Այսօրվա նիստերում պաշտպանը պնդել է իր միջնորդությունը: Որոշումը կկայացվի ավելի ուշ: Միջնորդության մեջ գրավի չափ չի նշվել`թողնելով դատարանի հայեցողությանը: Ի դեպ, առաջին ատյանի դատարանի դատավորներին, ըստ Մուշեղ Շուշանյանի, հետաքրքրել է, թե ովքե՞ր պետք է գրավը մուծեն, քանի որ մեղադրյալներից մեկի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է: «Դուք անհոգ եղեք, հայ ժողովուրդը կմուծի»,- ասել է պաշտպանը:

Վերաքննիչի որոշումը պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Մուշեղ Շուշանյանն ասաց նաեւ, որ իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Թե առաջին ատյանում, թե վերաքննիչում, պաշտպանական կողմի հիմնական փաստարկն այն է եղել, որ նախաքննության մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել առաջադրված մեղադրանքի մասով:

Հիշեցնենք, որ եւ Վարուժան Ավետիսյանը եւ Արեգ Կյուրեղյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի առաջին մասով`պատանդ վերցնել եւ 235 հոդվածի երրորդ մասով`ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Փաստաբանը հայտարարում է, որ բոլոր մեղադրյալների վերաբերյալ նույն մեղադրանքն է, առանց անհատապես կոնկրետացնելու նրանց մեղադրանքը: «Այս դեպքում, խոսքը գնում է միայն պատանդ պահելու մասին`շտապ օգնության երեք բուժաշխատողների մասով: Ներկայացվել են նրանց ցուցմունքները, բայց այդ ցուցմունքներում որեւէ նշում Վարուժան Ավետիսյանի կամ Արեգ Կյուրեղյանի մասով` պատանդ վերցնելու եւ պահելու, չկա»,- ասաց պաշտպանը:

Արեգ Կյուրեղյանն ի դեպ, ցանկություն էր հայտնել մասնակցել իր բողոքի քննությանը: Պաշտպանը հանդես է եկել համապատասխան միջնորդությամբ: Դատավորը, սակայն, ասել է, որ միջնորդությանը կանդրադառնա բողոքի քննությունից հետո: Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ այդպիսով դատարանը կամայականություն է գործում ու դրանով խախտվում է Արեգ Կյուրեղյանի պաշտպանության իրավունքը: «Եվ առհասարակ, հասկանալի չէ, թե արդեն իմաստ կունենա նրան դատարան բերելը, եթե անգամ բավարարվի այդ միջնորդությունը, երբ գործի քննությունն, ըստ էության, ավարտված կլինի»,- ասաց պաշտպանը`հավելելով, որ այդ հայտարարությունից հետո ինքը դուրս է եկել դահլիճից, քանի որ պետք է մասնակցեր Վարուժան Ավետիսյանի գործով նիստին: Նիստը շարունակվել է առանց պաշտպանի:

Ի տարբերություն Արեգ Կյուրեղյանի, Վարուժան Ավետիսյանը ցանկություն չի հայտնել իր բողոքի քննությանը ներկա գտնվել: Նշենք, որ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, որ Վերաքննիչ դատարանում մեղադրյալների մասնակցությունը պետք է պարտադիր ապահովվի, բայց առանձին դեպքերում, երբ մեղադրյալը ցանկություն է հայտնում կամ մեղադրյալի ներկայությունն ինչ-ինչ հանգամանքներ պարզելու համար պարտադիր է, որոշում է կայացվում: Բացի այդ, Սահմանադրությամբ սահմանվում է, որ անձն իրավունք ունի պաշտպանելու իր իրավունքները: Նման դեպքերում, դատարանները սովորաբար, որոշում են կայացնում նիստին մեղադրյալի մասնակցության մասով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031