Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկի պնդմամբ՝ Արցախում վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժման գումարն ինքը չի գրպանել

Օգոստոս 22,2016 14:30

Գերմանիայում աշխատող բժիշկ Վարդան Խաչատրյանը
պատասխանում է զինվորի հարազատների մեղադրանքներին

Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանի բարեկամներն «Առավոտին» ահազանգել էին, որ Գերմանիայում Ռուբենի բուժման համար թոշակառուների, ժողովրդի փողով կոպեկ-կոպեկ հավաքված գումարի մի մասը մեր հայազգի բժիշկ Վարդան Խաչատրյանն այնտեղ գրպանել է: Նրանք Վարդան Խաչատրյանին էին փոխանցել 11 հազար եվրո, որի դիմաց նա, բարեկամների պատմելով, խոստացել է զինվորի տեղափոխման հարցերը լուծել, մորը՝ Անահիտին, հյուրանոցում տեղավորել, ապահովել 24-ժամյա թարգմանություն ծնողի համար, ապահովել նրան սննդով եւ այլն, որոնցից արել է միայն մի կետը՝ օդանավակայանից տեղափոխել է կլինիկա:

Այս առնչությամբ մենք հարցում էինք արել ABC Global Med կազմակերպությանը՝ Վարդան Խաչատրյանից պարզաբանումներ ստանալու, ինչին նա արձագանքել է՝ ներկայացնելով իր տեսակետը: Վարդան Խաչատրյանի բացատրելով՝ ի սկզբանե կազմվել է ծախսերի նախահաշիվ, որն ուղարկել է ՊՆ, ու ինքը չի շեղվել դրանից. «Հենց առաջին օրվանից տեղում՝ Բոննի համալսարանային կլինիկայի Գոդես Հոհե վերականգնողական կենտրոնում կազմակերպվել են անհրաժեշտ հետազոտություններ, վիճակի ուսումնասիրություն, կազմվել է համապատասխան միջոցառումների գրաֆիկ, եւ սկսվել են ինտենսիվ բուժման, մասնագիտական խնամքի եւ վերականգնողական միջոցառումները: Արդեն կատարվել էին Ռուբենին անհրաժեշտ ռադիոլոգիական, ռադիոնեյրոլոգիական, կոմպյուտերային տոմոգրաֆիկ եւ այլ հետազոտություններ: Նախատեսված էր կազմակերպել տարբեր կլինիկաներում քննարկումներ՝ սեպտեմբերի 13-ից հետո բուժման ուղղությունը (վիրահատություն, թե ռեաբիլիտացիա) ճշտելու եւ կլինիկայի ընտրությունը կազմակերպելու համար: Բայց նշվածի անհրաժեշտությունը չեղավ, մեր աշխատանքը շարունակվեց մինչեւ հուլիսի 26-ը, մինչեւ բարեկամներից՝ Հովիկ Թումանյանի Գերմանիա գալը: Նա կլինիկայում եւ սպասարկող կազմակերպությունում կազմակերպեց ստուգումներ՝ նպատակ ունենալով պարզել՝ արդյոք ձեռնարկությունը կապ ունի՞ կլինիկա փոխանցված 77.490 € գումարի հետ: Իհարկե, չունենք եւ չենք կարող ունենալ, քանի որ աշխատում ենք վիրավոր զինվորի հետ, եւ տարբեր խոսակցություններից խուսափելու համար հենց սկզբից կլինիկայի գումարը ստացվել է ուղիղ տիկին Անահիտի հաշվից»:

2-1-2
Ըստ Վարդան Խաչատրյանի՝ կլինիկայի մոտ առաջացել է կասկած, որ բարեկամները նպատակ ունեն դադարեցնել բուժումը, վերցնել գումարի մնացած մասը եւ հետագա բուժումը շարունակել փախստականի կարգավիճակով՝ գերմանական պետության հաշվին. «Դա առաջացրել է կլինիկայի տարակուսանքը, քանի որ ծախսվել էր գումարի մի մասը միայն, Ռուբենի մոտ կար ակնհայտ դրական դինամիկա, եւ կասկածի տակ էր դրվում կլինիկայի եւ կազմակերպող ձեռնարկության հեղինակությունը: Ի վերջո՝ բարեկամի ճնշման տակ տիկին Անահիտը 26.07.2016թ.-ին բանավոր հրաժարվեց մեր ծառայությունից, եւ պահանջեցին ծառայությունների վերջնահաշվարկ»: Ի դեպ, փախստականի կարգավիճակով Գերմանիայի հաշվին բուժումը շարունակելու Վարդան Խաչատրյանի այս վարկածը հարազատները կտրուկ հերքում են՝ ասելով, որ դա անհեթեթ է, դա լինում է զրոյական հաշվի դեպքում, որն իրենց դեպքում անհնար է:

Վարդան Խաչատրյանը վստահեցնում է, որ ինքը ոչ մի կոպեկ չի գրպանել, գումարի մնացորդը՝ 4.499,67 եվրո, հետ է փոխանցվել նույն հաշվին, որտեղից որ ստացել են գումարը: Ըստ նրա՝ 11.010 €-ն նախատեսված է եղել 3 ամսվա համար, ըստ նախահաշվի՝ ամսական 3.670 ծախսի հնարավորությամբ. «Տիկին Անահիտի հյուրանոցում մնալու հարցը չի քննարկվել, ասվել է, որ կապահովվեն նրա մնալու եւ սննդի խնդիրները, իսկ քանի որ Ռուբենի վիճակը ծանր էր, մայրը ցանկանում էր միշտ մնալ Ռուբենի հիվանդասենյակում: Թերեւս վերջին 1,5 ամսում կարելի էր մնալու տեղը լուծել նաեւ հյուրանոցում, քանի որ Ռուբենի ինքնազգացողությունը լավացել էր»: Ինչ վերաբերում է թարգմանությանը, նա պատասխանեց. «Լրացուցիչ ծախսերից խուսափելու համար թարգմանչական աջակցությունը վերցրել ենք մեզ վրա, քանի որ գերմանական ձեռնարկությունում երկարաժամկետ եւ ամենօրյա թարգմանությունները կարող էին հասնել մեծ թվերի: Բացի այդ, պրոցեդուրաներից դուրս կամ ուշ ժամերին, երբ մենք հիվանդասենյակում չենք եղել եւ հնարավոր էր՝ լիներ թարգմանության անհրաժեշտություն, որի համար տիկին Անահիտին տրամադրվել է գերմանական հեռախոսահամար, այն լիցքավորվել է, եւ ցանկացած պահի ներս մտնողի հետ ունեցել ենք կապ՝ փոխանակվելու, հասկանալու եւ հակառակը: Իսկ իմ հեռախոսահամարները 24 ժամ եղել են հասանելի»:

Մեր հարցին՝ ասում եք, որ գումարներ տնտեսելու համար եք թարգմանչական առաքելությունը Ձեզ վրա վերցրել, մինչդեռ բարեկամները վստահեցնում են, որ Դուք Ձեր ոչ պրոֆեսիոնալ թարգմանության համար հաշվել եք 1 ժամը 29 եվրոյով, այն դեպքում, երբ այդ ծառայության գինը 9-13 եվրո արժե, այսինքն՝ Դուք ոչ թե տնտեսել եք, այլ գերշահավետ գործարքի դիմել՝ ըստ բարեկամների, Վարդան Խաչատրյանը հակադարձեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, Գերմանիայում բանավոր թարգմանության գները 1 ժամվա համար տատանվում են 40-75 եվրոյի սահմաններում»: Նա պնդում է, որ իր թարգմանածը հասկանալի է եղել երկու կողմերի համար էլ:
Հարազատների այն պնդմանը, որ Վարդան Խաչատրյանը ոչինչ չի արել՝ նա այսպես արձագանքեց. «Փաստացի իմ եւ մեր ընտանիքի աջակցությամբ կազմակերպվել է զինվորի տեղափոխումը, եւ նրա մոտ հիմա դրական փոփոխություններն անժխտելի են:

Փաստաթղթերը ստանալուց հետո կազմակերպվել են տեղի կլինիկաների հետ քննարկումներ՝ բուժման ուղղության եւ կլինիկայի ընտրության համար, կազմվել են անհրաժեշտ փաստաթղթերը (նախահաշվի, հրավերքի կազմակերպում), դիմավորում Դյուսելդորֆի օդանավակայանում (95կմ)՝ նախօրոք պայմանավորված Քյոլնի օդանավակայանի փոխարեն (25կմ), մասնագիտացված տրանսպորտով տեղափոխման կազմակերպում, մինչեւ 26.07.2016թ.-ը ամենօրյա անհրաժեշտ կազմակերպչական, թարգմանչական, խորհրդատվական ինֆորմատիվ աշխատանքների կազմակերպում»:
Ռուբեն Առաքելյանի բարեկամը՝ Հովհաննես Թումանյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ Վարդան Խաչատրյանն ինչ արել է՝ առանձին-առանձին գումարներ է վերցրել զինվորի մորից, կլինիկայի տրամադրած անվճար սայլակի դիմաց նրանից փող է ուզել, ասել է՝ պետք է 8000 եվրո տաք, կատետորները փոխելու համար կրկին գումար է ուզել, մինչդեռ դա կլինիկայի հաշվին է եղել: Վարդան Խաչատրյանի խոսքերով՝ «Դա ուղղակի անհեթեթություն է: Կլինիկայում եղած ժամանակ Ռուբենին տրվել է իրեն համապատասխան սայլակ եւ ներկայացվել են կլինիկայից դուրս գրվելուց հետո հնարավոր տեսակի սայլակների առաջարկներ: Նույնը վերաբերում է կատետորին, Ռուբենի ձախ ձեռքի շարժումների ակտիվության հետ քննարկվել է տարբեր կատետորների օգտագործման հնարավորությունը, որոնք փակիչով էին, հնարավոր կլիներ ձեռքով բացել եւ փակել՝ հնարավորություն տալով Ռուբենին զբաղվելու իր անձնական խնամքով: Քննարկման ժամանակ առաջարկվել են տարբեր կատետորներ, եւ մեր կողմից ողջ ինֆորմացիան թարգմանվել եւ հասանելի է դարձվել ծնողին: Որեւէ մեկը Ռուբենի մայրիկից գումարներ չի ուզել»:

Մենք ճշտեցինք՝ սայլակները եւ կատետորները, ստացվում է, կլինիկան անվճար տրամադրել է, բայց Անահիտի համաձայնությամբ նախընտրելի է եղել այլ՝ վճարովի տարբերակների՞ց օգտվել, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Կլինիկայում բուժման ընթացքում սայլակը եւ կատետորները տրամադրվում են կլինիկայի կողմից: Խոսքը վերաբերում է կլինիկայից դուրս գրվելուց հետո Ռուբենի համար համապատասխան տիպի սայլակների առաջարկներին»: Ըստ նրա՝ եթե բարեկամները չմիջամտեին եւ չխզեին իրենց համագործակցությունը, Ռուբենին համապատասխան սայլակ կարող էր ձեռք բերել որեւէ գերմանական բարեգործական կազմակերպությունից՝ որպես նվիրատվություն:

Վարդան Խաչատրյանի պարզաբանմամբ՝ լրացուցիչ միջոցները, որոնք պետք են եղել, հնարավոր էր հանել կլինիկային փոխանցված միջոցներից՝ բուժման օրերը կրճատելու հաշվին, ինչը չեն արել: Անհրաժեշտ է եղել, օրինակ, օրտոֆլեքս աջ եւ ձախ ձեռքի համար՝ 130 եվրո, ճնշող գիտրի՝ 230 եվրո, որովայնի ճնշող գոտի՝ 95 եվրո, որի վերաբերյալ կլինիկան ներկայացրել է հիմնավորող փաստաթղթեր:
Մեր հարցին՝ ինչո՞ւ եք այդ բժշկական պարագաների համար առանձին գումար ուզել Ռուբեն Առաքելյանի մայրիկից՝ Անահիտից, երբ Ձեզ տրամադրված 11 հազար եվրոն դեռ ամբողջությամբ չէր սպառվել, նա պատասխանեց, որ այդ գումարի համար կազմված է եղել նախահաշիվ: Վերջում Վարդան Խաչատրյանը Ռուբեն Առաքելյանի բարեկամներին մեղադրեց. «Ցանկանում են բուժման նպատակով հավաքված գումարի մնացորդը վերցնել եւ զինվորի բուժումը շարունակել փախստականի կարգավիճակով»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

20.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031