Օգոստոսի 15-21-ը Հաղարծնի վանական համալիրում հոգեւոր-մշակութային տոն է, մեկնարկել է իր տեսակով բացառիկ՝ «Հաղարծնի մշակութային շաբաթը», որտեղ յուրաքանչյուր օր ունի իր թեմատիկան: Պատմականորեն արժեքավոր քրիստոնեական տաճարներից մեկում կազմակերպված այս միջոցառման նախաձեռնությունը, ըստ Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, թեմի երիտասարդներինն էր: «Այս մեկ տարվա ընթացքում անընդհատ խմորում են ու սա կարծես իրենց անդրանիկ պտուղը լինի: Ցանկացանք Հաղարծնի վանքում լինի, քանի որ մեր միջնադարյան նշանավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից է, նաեւ երաժշտական կենտրոն, որ այսօր էլ կարող է այդ փառքը վերադարձնել: Ամենանշանավոր վարդապետներից մեկը՝ Խաչատուր Տարոնեցին է այստեղ թաղված:
Այստեղ է գրվել «Խորհուրդ խորին» շարականը, որը մենք ամեն կիրակի երգում ենք Սուրբ պատարագի ժամանակ»,- նշեց Բագրատ սրբազանը՝ ավելացնելով, որ Աստվածածնի վերափոխման տոնից հետո են կազմակերպել միջոցառումը, որի համար Երեւանի պատմության թանգարանից հետ է բերվել Աստվածածնի բարավորը՝ պատկերաքանդակը. «Տիրամորը փառաբանող շաբաթը գոհության օրեր պետք է դարձնենք՝ Աստվածածնի բարեխոսությունը հայցելու մեր եւ ամբողջ աշխարհի խաղաղության համար: Երբ Հաղարծնի վանքն անմխիթար վիճակում էր, այստեղից տարվել է Սուրբ Աստվածածնի նշանավոր բարավորը, ինչպես նաեւ մի մեծ ավազան, որը, կարծում ենք, Մկրտության ավազան է եղել՝ մոտ 450 կիլոգրամ, եւ այլ փոքր մասունքներ: Փորձեցինք այդ հիշողությունները վերականգնել՝ Սուրբ Աստվածամոր պատկերաքանդակը հետ վերադարձնելով Հաղարծնի վանք՝ գոնե այս շրջանի համար, որ մարդիկ ծանոթանան, թե ի՛նչ սրբություններ են այստեղ պահվել: Մենք ուզում ենք մարդկանց կյանքն ու հավատքը վերադարձնել»:
Կարդացեք նաև
Թեմի առաջնորդի խոսքերով, սրանք միջոցներ են, որ մարդկանցից յուրաքանչյուրն իր ձեւով կարողանա ինքնագնահատականի ու ինքնաճանաչողության ինքնավերադարձն ունենալ:
Այս օրերին, վանական համալիում ոչ միայն օրը սկսվում եւ ավարտվում է ժամերգությամբ, աղոթքով, այլեւ տարբեր երգչախմբեր՝ «Փոքրիկ երգիչներ», «Գեղարդ», «Լույս», Իջեւանի «Սուրբ Ներսես Շնորհալի» եկեղեցում համերգներ են ունենում: Հաղարծնի բակում առանձին տաղավարներով ցուցադրվում են Տավուշի արհեստներն եւ արվեստները: Հենց տեղում կազմակերպվում են վարպետաց դասեր, իսկ թոնրատանն այցելուները կարող են համտեսել միջնադարյան վանական կերակուրներից մասուրով ապուր, ինչպես նաեւ՝ տեղին բնորոշ կաթնահունցը, «նազուկ» անվանումով գաթան եւ այլ ուտեստներ:
Վանական համալիր այցելած տեղի եւ օտարերկրյա այցելուները ոչ միայն ծանոթանում են պատմամշակութային արժեքներին, այլեւ մասնակից են դառնում հատուկ կազմակերպված մշակութային միջոցառումներին: 7-ամյա Լիլիթը դեռեւս առիթ չէր ունեցել տեսնել, թե ինչպես են կավից իր սիրելի առարկաները պատրաստվում, բայց այստեղ ոչ միայն տեսավ, այլեւ իր ձեռքով փոքրիկ սափոր պատրաստեց: «Ուզում եմ սիրուն ստացվի, որ մամայիս նվիրեմ»,- ամենայն պատասխանատվությամբ եւ զգուշությամբ աշխատելով՝ ասաց նա: Այցելուներ են գալիս տարբեր վայրերից, որոնց տեղի կամավորները (տարբերվում են կանաչ վերնաշապիկներով) առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում. ամեն նոր այցելող խմբերի ընդունում են եւ պատմաճանաչողական էքսկուրսիա անցկացնում տարածքում:
«Երբ լայն ժպիտով այս պատանիներից մոտեցան մեզ եւ առաջարկեցին ճանաչողական փոքրիկ էքսկուրսիա վանքի տարածքում, փոքր-ինչ զարմացա՝ մտածելով, թե ի՞նչ նոր բան կա, որ ես չգիտեմ, չէ՞ որ բազմիցս եկել եմ Հաղարծին, բայց հենց սկսած Հաղարծին անվանումից՝ չգիտեի շատ մանրամասներ, օրինակ, որ այստեղ հաղար են ասել կատվանման լուսանին եւ նրա ծնվելու տարածքի անվանմանը կցելով՝ ասել են հաղար-ծին, կամ եկեղեցիների օծման ժամանակ արծիվների խաղին բարբառով ասել են՝ հաղ (խաղ) արծվի, որից էլ առաջացել է Հաղարծին անունը»,- նոր գիտելիքներով ոգեւորված՝ Սոնյա Հայրապետյանն այսպես արտահայտեց իր տպավորությունները մեզ հետ զրույցում: Տիկին Սոնյան, ընտանիքի հետ մեկտեղ, ուխտի էր եկել, եւ անչափ հուզված էր, որ այստեղ էր նաեւ Սուրբ Աստվածածնի պատկերաքանդակը, որին իր աղոթքն ու գոհությունն էր հայտնել:
Տավուշի թեմի կանաչ վերնաշապիկով կամավորները ոչ միայն անվանումն էին բացատրում, այլ ցույց տալիս Բագրատունյաց Սմբատ եւ Գագիկ արքայազունների գերեզմանը, իր տեսակով բացառիկ խաչքարը, որն անընդհատ շարունակվելով՝ ցույց է տալիս հավերժություն, աշխատող արեւի ժամացույցը, Զաքարյան իշխանների կողմից տնկված եւ շուրջ 800 տարվա պատմություն ունեցող վառված ծառը, բազում շարականների հեղինակ եւ՝ «Խորհուրդ խորին» շարականի հեղինակ վարդապետ Խաչատուր Տարոնեցու գերեզմանը:
Տիկին Սոնյայի համար նաեւ բացահայտում է եղել, որ միջնադարում այդտեղ որբերի են պահել եւ նրանք էլ՝ որպես երախտիքի խոսք, քանդակել են նմանը չունեցող խաչքար. «Հարազատի պես են ընդունում այստեղ: Համտեսել ենք մասուրով ապուր, կաթնահունց, շատ համեղ էին նաեւ այստեղի մուրաբաները»:
Պատմաճանաչողական այցից հետո այցելուներն այս օրերին բացառիկ հնարավորություն ունեն ճաշակելու եւ ինչու չէ՝ նաեւ գնելու «Վանքի անուշ» ապրանքանիշի մեղրն ու մուրաբաները, որոնց պատրաստմանը կարող են նաեւ մասնակից լինել:
Տաղավարներից մեկում նաեւ բնական օճառների եւ կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող սիրիահայ Շանթ Խայալեանը ցուցադում էր բնական օճառի պատրաստումը: Նրա հետ մեկտեղ՝ «Ծիրանե» ապրանքանիշով համագործակցում էր նաեւ Անահիտ Ստեփանյանը, որը ներկայացնում էր ամենատարբեր բնական բաղադրությամբ պատրաստված օճառների լայն տեսականի. սկսած կավային տեսականուց, վերջացրած այծի կաթից, կոճապղպեղից (իմբիր), քունջութից ու կտավատից պատրաստված:
Հաղարծնի շաբաթին մասնակցում էր նաեւ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որն ասմունքում էր կամավորների հետ, իսկ Անուշ Արշակյանի այցը կամավորները դիմավորեցին իր իսկ երգով, որին միացավ նաեւ երգչուհին: 5 լավագույն սաների հետ Հաղարծին էր եկել նաեւ Երեւանի «Ավետ Տերտերյանի» անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի պատասխանատու Անահիտ Արզումանյանը, որոնք զուգահեռաբար յուրաքանչյուր ցանկացողի, ով ուզում է նկարել սովորել, սովորեցնում էին: «Հաճելի է, երբ փոքր երեխաներից եւ երիտասարդներից բացի, տարիքով մեծ կանայք էլ փորձում են սովորել, մեկի մոտ գունային զգացողությունն է լավ, մյուսի մոտ` գծային զգացողությունը: Հաճելի է, երբ օգնում ես մարդուն բացահայտելու իր ունակությունները»,-մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Արզումանյանը: Նա եւ նրա սաները, բացի սովորեցնող լինելուց, մասնակցում էին կազմակերպված բացօթյա միջոցառումներին. «Անկախ մեր կամքից՝ մասնակից ենք լինում եւ սա նաեւ այնպիսի հնարավորություն է տալիս մեզ, որ սկսում ենք մեզ ճանաչել այնպիսին, ինչպիսին իրականում կանք»,- նշեց Անահիտ Արզումանյանը: Նրա աշակերտուհիներից Արմինե Խուրշուդյանը, բացի վանական համալիրը նկարելուց, սովորել էր հայկական ազգագրական պարեր եւ Հաղարծնի մասին մի շարք պատմական մանրամասներ. «Ամեն գծի հետ զգում ես, թե ինչքան հնություն կա այս պատերի մեջ եւ լի պատմությամբ, որը միայն հպարտության առիթ է մեզ տալիս»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ»
20.08.2016