Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի ձեւաչափը ճգնաժամ է ապրում». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 22,2016 12:26

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, ԼՂ բանակցային գործընթաց չկա ու չի լինի, քանի դեռ Արցախն ընդգրկված չէ այդ գործընթացում:

«Այն գործընթացը, որի նկատմամբ ամենաշահագրգիռ մոտեցումը դրսեւորել են Մինսկի խմբի անդամները, այդ գործընթացն իսկապես ճգնաժամ է ապրում: Ճգնաժամի մասին է խոսում ոչ միայն այն, որ այսօր չկա երկու պետությունների հանդիպման մասին որեւէ պայմանավորվածություն, այլ այն, որ Մինսկի խմբի անդամների հայտարարությունները շատ զգուշավոր են՝ կփորձենք, ձգտում ենք, անում ենք»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա, ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին հանդիպումներն էլ ցույց տվեցին, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը մի մազաչափ անգամ չեն փոխել իրենց մոտեցումները. «Հայկական կողմի մոտեցումները եղել ու մնում են հեղհեղուկ՝ հայտարարությունների ներքո ունենալով բոլորովին այլ փաստաթղթերի փաթեթ, որտեղ նույն տարածքների մասին փաստաթղթերը մեր իշխանավորների թեթեւ ձեռքով ստացել են անհասկանալի բնութագիր՝ հսկողության ներքո գտնվող հողեր, անվտանգության գոտի… դրանք ունեն հստակ ձեւակերպում, դրանք այն տարածքներն են, որոնք միշտ օրինական ձեւով պատկանում էին Արցախին եւ վերաձեւակերպվել են Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ընթացքում: Ազգերի լիգայի կողմից տարածքների մի մասը ճանաչվել են սկզբում վիճելի, հետագայում ՀՀ-ին պատկանող, դրանց մի մասն է հաջողվել մինչեւ 1994 թվականը վերամիավորել Արցախի հետ»:

Տիկին Ալավերդյանի խոսքով, ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբից, ունի նաեւ այլ ինստիտուտներ. Օրինակ՝ փաստերի ուսումնասիրման կոմիտե. «Ադրբեջանը տեղի-անտեղի կդիմի սկզբում ՄԱԿ-ին, հետո ԵԱՀԿ-ն կգա, կստուգի՝ արդյոք մեր ապաշնորհ իշխանությունները կարողացել են բնակեցնել Արցախին պատկանող հողերը եւ ի ուրախություն իշխանությունների հաստատվեց՝ ոչ, չենք բնակեցրել, այդ ինչու դա կարող է Ադրբեջանն անել, Հայաստանը՝ ոչ: Արդյոք հրավիրվե՞լ է լուրջ փորձագետների կոնֆերանս, որտեղ փորձագետները կքննարկեն այն, ինչ մասին խոսում են»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Իրանը, որը թեեւ ԵԱՀԿ-ի անդամ չէ, բայց պետք է ընդգրկվի ԼՂ հիմնահարցի բանակցություններում, որովհետեւ. «Անհեթեթ է չընդգրկել Իրանը, որովհետեւ սահմանակից երկիր է, Իրանը շատ ակտիվ գործոն է տարածաշրջանում, Իրանը պետք է ընդգրկվի:

Ինչ վերաբերում է Թուրքիային, որը նույնպես սահմանակից երկիր է, ի սկզբանե ընդգրկված է եղել Մինսկի խմբում, բայց բացեիբաց ներկայացրել է Ադրբեջանի շահերը, արդյոք չպետք է հիմա հարց բարձրացնել Մինսկի խմբից հանելու վերաբերյալ:

Որովհետեւ չի կարելի ընդգրկել մի պետություն, որն ասում է, որ Ադրբեջանին պետք է հանձնել տարածքները»:

Անդրադառնալով ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը, թե փոխզիջումներն անհրաժեշտ են՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ինձ համար ընդունելի չէ այդ հռետորությունը. զիջում, փոխզիջում արտահայտությունները հասկանալի չեն այն իրավիճակում, որը տեսնում եմ: Իսկ դուք երբեւէ լսե՞լ եք Ադրբեջանի կողմից զիջումների կամ փոխզիջումների մասին, Ադրբեջանն ավելի քան պարզ ասում է՝ իմ տարածքներն են, Հայաստանի մի մասն էլ է իմ տարածքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031