Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին և վնասել վերջիններիս տեխնիկան

Օգոստոս 22,2016 11:52

4 ոստիկանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:

Մասնավորապես՝ 2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը և բերման ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ` Տ. Նորատունկյանը և Ա. Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել են Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս օրինական գործունեությանը:

Այդ ընթացքում ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքին, հաշվի չառնելով նաև վերջինիս հավաստիացումն այն մասին, որ հեռուստալրագրող է:

Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, քաղաքացիական հագուստով գտնվելով Երևանի Ազատության հրապարակում, խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին՝ նրանից խլել է ընկերությանը պատկանող, «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը և մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Դ. Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ խոչընդոտել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքին՝ նրա ձեռքից խլել է ռադիոկայանի սեփականությունը հանդիսացող «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել է գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս:

Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Տ. Նորատունկյանին, Ա. Այվազյանին, Կ. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Փերիխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031