ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը`«Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում): Առաջին ատյանի դատարանում Թորոս Թորոսյանը պաշտպան չի ունեցել: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ առաջիկայում ինքը կփորձի միջնորդություն ներկայացնել`իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
Թորոս Թորոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-ի երրորդ մասով`ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Թորոս Թորոսյանը մեղադրվում է նաեւ պատանդ պահելու մեջ: Թորոս Թորոսյանը ցուցմունք չի տվել: Նրա պաշտպանը Թորոս Թորոսյանին «որոշակի առումով» քաղաքական բանտարկյալ է համարում, քանի որ նրան կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել: Առաջադրված մեղադրանքը, ըստ նրա, շատ ընդհանրական է:
Թորոս Թորոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է պահվում, նախկին սպա է, պատերազմի մասնակից, «Շուշիի» առանձնակի գումարտակից: Թորոս Թորոսյանը ծնվել է 1962 թվականին: Թորոս Թորոսյանի ընտանիքը բնակվում է ԼՂՀ-ում, ինքը Արմավիրի մարզի Դարալիկ գյուղից է. «Նորմալ ընտանիք ունի, նորմալ երեխաներ»:
ՔԿՀ-ում պայմանները, ըստ փաստաբանի, նորմալ են: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ իր պաշտպանյալն այս պահին առողջական խնդիրներ չունի, բայց նախկինում վիրահատվել է, ինչի մասին համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի համապատասխան բուժօգնություն ցուցաբերել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ