Արգենտինական դատարանը սկսել է իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան գործի քննությունը՝ Իսպանիայում քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի վերականգնման ասոցիացիայի հայցի հիման վրա:
Հիշեցնենք, որ Լորկան զոհվել էր 1936թ.: Նրան ձերբակալել էին իր ընկերոջ՝ պոետ Լուիս Ռոսալեսի բնակարանում ու հաջորդ օրն իսկ գնդակահարել: Մինչ գեներալ Ֆրանկոյի մահը Լորկայի գրքերն արգելված են եղել Իսպանիայում: Բանաստեղծի գերեզմանն առայսօր անհայտ է, բայց կա նաեւ վարկած, որ վիրավոր եւ հիշողությունը կորցրած պոետը կարողացել է մի կերպ փախչել Արգենտինա եւ այնտեղ ծպտված ապրել: Իր 1930թ. գրած «Երեք ընկերների պատմություն եւ շրջանառություն» բանաստեղծության մեջ Գարսիա Լորկան կանխագուշակել էր սեփական մահը, անգերեզման մնալը եւ հեղափոխությունը՝ Իսպանիայում:
Լորկայի գործով հետմահու քննության մասին տեղեկացնում է Latin American Herald Tribune-ը՝ հղում անելով ասոցիացիայի նախագահ Էմիլիո Սիլվային: Դատական գործը համընկել է բանաստեղծի մահվան 80-ամյա տարելիցի եւ մահվան հանգամանքների հետ կապված նոր փաստաթղթերի ու նյութերի գտնվելու հետ: Պարզվում է՝ Լորկային ժամանակին մեղադրել են մասոնության ու միասեռականության հետ կապ ունենալու մեջ, եւ այդ հիմքով էլ ձերբակալել են, ապա մահապատժի ենթարկել:
Հիշատակի վերականգնման ասոցիացիան պահանջում է, որ բաց դատավարություն լինի, եւ Լորկայի մահվան հանգամանքների բացահայտման գործողությունները կատարվեն խիստ թափանցիկ եւ հանրության իրազեկմամբ:
Սիլվան նաեւ լրագրողներին հայտնել է, որ Լորկայի մահվան վերաբերյալ փաստաթղթերի մի մասը ձեռք են բերել անանուն աղբյուրների միջոցով:
Հավելենք, որ վերջերս մամուլում հրապարակվել էր այն պաշտոնական փաստաթղթի կրկնօրինակը, որտեղ Գարսիա Լորկայի գնդակահարության հրամանն է՝ ստորագրված 1935թ. Գրանադայի ոստիկանության ղեկավարության կողմից: Նույն փաստաթղթում ասվում էր, որ Գարսիա Լորկան «Ալգամբրա» մասոնական օթյակի անդամ է՝ Հոմեր ծածկանունով:
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
20.08.2016
1936 թ մահապատիժը ստորագրված է 1965 թ ոստիկանության կողմից:
Վաոււււ:
Սկզբւց մահապատիժ, հետո հրաման?
Հարգելի Իրավաբան, շնորհակալություն, որ նկատել եք վրիպակը ու տեղեկացրել: Արդեն ուղղված է: Հարգանքով՝ Գոհար