Լոնդոնի օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո հարցազրույց տվեց Aravot.am-ին:
– Դժվա՞ր էր օլիմպիական խաղերին հեռուստատեսությամբ հետեւելը:
– Այո: Շատ դժվար էր ու անսովոր: Բայց հետեւել եմ մերոնց բոլոր մրցելույթներին, սրտանց ուրախացել նրանց հաջողություններով: Միայն շատ եմ տխրել մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի համար, որը մեդալի հավակնորդ էր ու շատ մոտ, բայց մեկ ակնթարթում ամեն բան հօդս ցնդեց: Ինչ արած: Անդրանիկը պայքարող մարզիկ է, երիտասարդ ու դեռ շատ հաղթանակներ կտանի:
Շնորհավորում եմ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին՝ օլիմպիական ոսկու համար, Միհրան Հարությունյանին, որը մրցավարության պատճառով չբարձրացավ օլիմպիական պատվանդանի առաջին աստիճան:
Կարդացեք նաև
Դե, իհարկե, շնորհավորում եմ իմ մարզաձեւի ներկայացուցիչներ, Ռիոյի օլիմպիական արծաթե մեդալակիրներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին, որոնք փայլուն մրցելույթներ ունեցան, Նազիկ Ավդալյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սոնա Պողոսյանին:
– Անկասկած, առանձնակի ուշադրությամբ ես հետեւել քո քաշային կարգում ծավալված պայքարին: Եթե դու մասնակցեիր, տեղ կզբաղեցնեի՞ր պատվո պատվանդանին:
– Ես մինչեւ Եվրոպայի առաջնությունը մարզումներում բարձրացրել եմ. պոկում՝ 120, հրում՝ 155: Քանի որ Եվրոպայում հաղթելու համար պետք չեկան այդ կիլոգրամները, ծանր քաշեր չպատվիրեցի: Եթե Ռիոյում լինեի, բրոնզը կրկին իմը կլիներ 126+ 160 կգ արդյունքով:
– Եվ վերջին հարցը: Ապագայի ի՞նչ ծրագրեր ունես:
– Կարճ կպատասխանեմ: Ես մեծ սպորտում դեռ անելիքներ ունեմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ