Եթե չկա իմաստունների հանդեպ երկրպագություն, ժողովրդի մեջ գժտություններ չեն լինում: Եթե հազվագյուտ առարկաները չեն գնահատվում, ժողովրդի մեջ գողեր չեն լինում: Եթե ցույց չտրվի այն, ինչ նախանձ է առաջացնում, ժողովրդի սիրտը չի հուզվի:
Բարձրագույն առաքինությունը նման է ջրի: Ջուրն օգուտ է բերում բոլոր էակներին, բայց նրանց հետ կռիվ չի տալիս: Ջուրը գտնվում է այնտեղ, որտեղ մարդիկ չէին ցանկանա լինել:
Եթե անընդհատ օգտվես սուր առարկաներից, դրանք չեն կարողանա մշտապես պահպանել իրենց սրությունը: Եթե դահլիճը լցված է ոսկով եւ հասպիսով, ապա ոչ ոք չի կարող այն պահպանել: Եթե հարուստներն ու ազնվականները գոռոզություն են դրսեւորում, նրանք իրենց գլխին փորձանք են բերում:
Ազնիվ տիրակալը խաղաղության ժամանակ գերադասում է լինել զիջողական հարեւանների հանդեպ եւ միայն պատերազմների ժամանակ է բռնություն կիրառում: Զորքը բռնության գործիք է, այդ պատճառով ազնիվ տիրակալը օգտագործում է զորքը միայն այն ժամանակ, երբ նրան ստիպում են: Ամենակարեւորը հանգստությունը պահպանելն է, իսկ հաղթանակի դեպքում պետք է խուսափել ինքնափառաբանումից: Հաղթանակով փառաբանվելը նշանակում է ուրախանալ մարդկանց սպանությամբ: Նա, ով ուրախանում է մարդկանց սպանությամբ, չի կարող աջակցություն ստանալ երկրում: Բարեկեցությունը ստեղծվում է հարգանքով, իսկ դժբախտությունը ծնվում է բռնությունից:
Ի՞նչն է ավելի մոտ` փա՞ռքը, թե՞ կյանքը: Ի՞նչն է ավելի թանկ` կյա՞նքը, թե՞ հարստությունը: Ի՞նչն են ավելի ծանր տանում` ձեռքբերո՞ւմը, թե՞ կորուստը: Ով շատ բան է պահպանում, նա ավելի մեծ կորուստներ է կրում: Ով չափը ճանաչում է, նա անհաջողություն չի ունենա: Ով գիտի սահմանը, նա վտանգի չի ենթարկվում: Նա կարող է դառնալ երկարակյաց:
Երբ երկրում գոյություն ունի «դաո», ձիերը պարարտացնում են հողը, երբ երկրում չկա «դաո»-ն՝ մարտական նժույգներն են արածում շրջակայքում: Չկա ավելի մեծ դժբախտություն, քան սեփական կրքի սահմանները չիմանալը, եւ չկա ավելի մեծ վտանգ, քան հարստություն ձեռք բերելու ձգտումը: Նա, ով կարողանում է բավարարվել, նա գոհ է իր կյանքից:
Բարի մարդկանց հանդեպ ես բարի գործեր եմ անում, եւ չարերին նույնն եմ անում: Հենց այդպես է դաստիարակվում առաքինությունը: Ես հավատարիմ եմ անկեղծներին, բայց հավատարիմ եմ նաեւ կեղծավորներին: Հենց այդպես է դաստիարակվում անկեղծությունը:
Երբ պալատը շքեղ է, դաշտերը ծածկված են մոլախոտով, եւ հացի շտեմարանները դափ-դատարկ են: Ազնվականները հագնում են շքեղ հագուստ, չեն բավարարվում սովորական ուտելիքով եւ կուտակում են ավելորդ հարստություններ: Այդ ամենը կոչվում է ավազակություն եւ սնապարծություն:
ԼԱՈ-ՑԶԻ, չին փիլիսոփա
մ.թ.ա. 5-րդ դար