(Ապրիլ 2016թ.)
Երկու տասնամյակ հանդարտ, խաղաղ էր,
Սրբերով լեցուն Հայոց երկինքը,
Թվում էր, նորից հառնում է կյանքը…
Կարդացեք նաև
Ապրիլյան այդ օրն արյան հեղեղ էր:
Սահմանին կանգնած մեր սուրբ զինվորը,
Բնավ տեղյակ չէր բիրտ հարձակումից,
Չեղավ հրաման որևէ կետից,
Նա էր որոշում հաջորդ քայլերը:
Հարձակման պահին զարմանք, շփոթ էր.
Լրիվ խախտված էր բանակի կարգը,
Խիստ մշուշոտ էր զինվորի վարքը,
Սահմանի վրա խառնաշփոթ էր:
Մինչ կսթափվեին մեր առյուծները,
Վայրագ թշնամին սուրում էր առաջ,
Օդից, ցամաքից զարկում դիրքերը,
Միայն, թե լսեր հառաչ ու շառաչ:
Նրանց պլանը նենգ էր ու վայրագ.
Նոր՝ շռնդալից զինտեխնիկայով,
Օդից, ցամաքից կայծակից արագ,
Արցախը պատել արյան հեղեղով:
Եվ զոհեր…, զոհը՝ զոհի ետևից,
Վայրկյանում թոռմած՝ կոկոմ մեխակներ,
Գլխատվում էին ահեղ տարափից,
Թշնամու զարկից դառնում մեշեններ:
Կար միայն քաոս, չկար հրահանգ,
Եվ առյուծների մարտունակ բանակ,
Հերոսությունն էր՝ հույսը փրկության,
Ու նվիրումը համայն հայության:
Էլ շունչ քաշելու ժամանակ չկար,
Զինվորի հունձ էր, ահեղ յաթաղան,
Մեկը անում էր քսան հոգու գործ,
Քսան ասկյարի տանում էր իր հետ:
Վախը լքել էր մեր տղաներին,
Բազմապատկվել էր նրանց ուժերը,
Զարմանք էր պատել ազերիներին՝
Մոխրանում էին ինքնաթիռները:
Մեր ամեն զինվոր դարձել էր մի տանկ,
Խոցում էր օդից զարկող թշնամուն,
Այդ վայրկյաններին գրվում էր մի ցանկ՝
Մեր պատմությունը զարդարող մատյան:
Պարտադրված էր մեզ այդ ոճիրը,
Այդ պահին ուրիշ փրկություն չկար,
Որպեսզի փակվեր ասկյարի շարժը,
Պետք է զինվորը՝ մատաղ կյանքը տար:
Չորսօրյա կռիվ՝ ահեղ արհավիրք,
Անմոռաց էջեր, Մեծ հերոսություն,
Կոկոմ վարդերի հեղած սուրբ արյուն.
Արցախը դարձրած սրբացած տարածք:
Իրենց արյունով՝ մեր հերոսները,
Սրբեցին կախված մռայլ ամպերը,
Հայ արծիվների սուրբ հոգիները,
Ճերմակով ներկին երկնակամարը:
Հերոս էր հառնում ամեն զինվորից,
Կանգուն էր մնում մեր բաժին խաչը,
Խոնարհում՝ նրա խնկաբույր ոգուն,
Փառք, դեռ ամուր է մեր Հայկյան աջը…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ