Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք` Նորին Սրբության քաջառողջ կյանքի, կենաց արևշատության և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության համար:
Սկզբում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հավարտ սրբազան Պատարագի արարողության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա կատարվեց Հայրապետական մաղթանք:
Բերկրալի օրվա առիթով, նախքան արարողության սկսվելը, խոսքով ներկա հավատավոր հայորդիներին ու ուխտավորներին դիմեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Կարդացեք նաև
Մուշեղ Սրբազանն ի մասնավորի ներկաներին հորդորեց իրենց աղոթքներով հոգևորականաց դասի հետ միասին Ամենակալից երկար տարիների արդյունաշատ հովվապետություն հայցել Լուսավորչի 132-րդ գահակալի` Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ