Երեւանում գարեջրի փառատոն է: Կարապի լճում մարդիկ հնարավորություն ունեն փորձել տարբեր ընկերությունների եւ գարեջրատների գարեջուրը:
Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երրորդ անգամ տեղի է ունենում Գարեջրի փառատոնը, որը արդեն ամենամյա է դարձել «Երեւանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում. «Նպատակն է զարգացնել հայկական գարեջուրը, խթանելու հայկական արտադրողին: Այստեղ բոլոր խոշոր հայկական գործարարներն են, փաբերը, ընկերությունները, որոնք որ իրենց առօրյայում օգտագործում են հայկական գարեջուրը, նպաստում են լավագույն հայկական գարեջրի զարգացմանը»:
Նա նշեց, որ քաղաքացիները կարող են մասնակցել տարբեր մրցույթների: Նախորդ տարիներին Գարեջրի փառատոնին մասնակցել է շուրջ չորս հազար այցելու, ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ. «Փառատոնն արդեն սիրված է, ավանդական է եւ տարեցտարի ընդլայնում է մասնակիցների թիվը: Փառատոնը ունի խիստ կանոններ, կանոններից է, որ զանգվածային միջոցառմանը հյուրասիրությունը եւ անվճար բաղադրիչը բացառվում է: Այսինքն՝ իրականացվում է վաճառք, վաճառքի գներն էլ հստակ սահմանված են: Երկրորդ կարեւոր պայմանը ապակե տարրաները բացառելն է, այսինքն՝ գարեջուրը լցնովի է կամ շիշը բացում լցնում են թափանցիկ բաժակները»:
Կարդացեք նաև
Գարեջրի փառատոնը ուղեկցվեց համերգային ծրագրով: Տեղի ունեցան նաեւ մրցույթներ եւ հյուրասիրություններ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ