Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես` նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին

Օգոստոս 20,2016 17:01

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր կայացավ սիրված նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողություն, որը կրում էր «Հիշողության ծիսակամուրջ» խորագիրը: Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, մշակութային գործիչներ, Շարամբեյանի արվեստի երկրպագուներ: Ներկաները հնարավորություն ստացան դիտելու նկարչի՝ շուրջ 3 տասնյակի հասնող ներկայացված աշխատանքները, որոնք լիքն էին Հովհաննես Շարամբեյանին հատուկ տրամադրությամբ, բնականությամբ ու աղաղակող լռությամբ:

Նկարչի թոռ Նարեկ Աշուղաթոյանի խոսքով՝ կազմակերպված ցուցահանդեսն իր եւ իր ընտանիքի համար, նախեւառաջ, հոգեւոր խորհուրդ ունի: Սա հնարավորություն է եւս մեկ անգամ առնչվելու Հովհաննես Շարամբեյանի մշակույթի հետ, եւս մեկ անգամ փորձելու բացահայտել թողած նկարների խորքն ու խորությունը, հնարավորություն տալ ծանոթանալու նաեւ այն մարդկանց, ովքեր մինչ այժմ նման առիթ չեն ունեցել: «Գիտակից տարիքում հնարավորություն չեմ ունեցել  շփվելու պապիս հետ, իսկ այժմ հանդիպում եմ նրան գեղանկարչական աշխատանքների, արխիվային նյութերի միջոցով:  Ինձ համար էլ է սա յուրատիպ բացահայտում»:

hovhannes sharambeyan

Նարեկ Աշուղաթոյանը յուրաքանչյուր նկարում զգում է պապի շունչը, նրա ներկայությունը: «Աշխատանքներում արհեստական որեւ էբան չկա: Հենց նրա ձեռագիրն է՝ երբեմն դրականորեն շտապող, այլ դեպքերում՝ մանրակրկիտ աշխատած: Ամեն անգամ նոր աչքով եմ նայում»:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց թեմատիկ գիտաժողովը, որի ընթացքում անդրադարձ արվեց հոբելյարի կյանքի եւ գործունեության ուշագրավ դրվագներին: Ցուցադրվեց Հովհ. Շարամբեյանի մասին պատմող «Հրաշք Վանիկը» ֆիլմը: 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 25-ը: Առաջիկայում նախատեսվում է նաեւ նոր, առավել մեծ ցուցահանդեսի բացում, որտեղ կներառվեն նաեւ Շարամբեյանի գրաֆիկական աշխատանքները:

Առաջիկայում հասանելի կլինի նաեւ նկարչի գործունեությունն ամփոփող պաշտոնական կայքէջը www.sharambeyan.am հասցեով: Այժմ ներկայացվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Հովհաննես Շարամբեյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղելէ «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելյան  ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

hovhannes sharambeyan1

1947 թ-ին Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի եւ արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:

1978 թ-ին հիմնադրել է Երեւանի Ժողովրդական արվեստի թանգարանը եւ մինչեւ 1986 թ-ին զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979 թ-ին հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում:

Հովհաննես Շարամբեյանի ընտանիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031