Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական պրոֆեսոր Յուլիան Կիֆուն վստահեցնում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ֆոնին Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններն ամենևին չեն սրվել:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամուլի ասուլիսին Aravot.am-ի հարցին` համամի՞տ եք այն կարծիքներին, որ ռազմական հեղաշրջման փորձի ֆոնին սրվել են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, պարոն Կիֆուն պատասխանեց. «Նախևառաջ, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրումը` Գյուլենի արտահանձնման հետ կապված, ընդամենը մի դրվագ է, ինչը չի կարող ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություների վրա լուրջ ազդեցություն ունենալ: Ի դեպ, Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ կատարում է իր բոլոր պարտավորությունները»:
Ռումինիայի նախագահի նախկին խորհրդականին հիշեցրինք այն տարաբնույթ մեկնաբանությունները, որոնց արժանացավ Պուտին-Էրդողան հանդիպումը: Հարցրինք` ինչպե՞ս կգնահատեք այն ու արդյոք համամի՞տ եք, որ արևմուտքը մտահոգված է այդ հանդիպմամբ և ՌԴ-Թուրքիա ջերմացող հարաբերություններով, պարոն Կիֆուն պատասխանեց. «Իհարկե, որոշ մտահոգություններ կան, սակայն առանձնապես ողբերգություն տեղի չի ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի` բավականին ծանրակշիռ և արժեքավոր անդամ է և շարունակում է իր դիրքը պահպանել ալյանսում»:
Յուլիան Կիֆուն ընդգծեց, որ այժմ տեղի է ունենում Անկարա-Մոսկվա տնտեսական կապերի վերակառուցում և ընթանում են քննարկումներ Թուրքիայի` Սիրիայի ներսում ազատ գործողությունների հարցով: Սակայն, դեռ դիրքորոշումների շատ տարբերություններ կան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ