«Սասնա ծռեր» քաղաքական շարժման խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը օգոստոսի 19-ին Ազատության հրապարակում հայտարարել էր, թե «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին, որը ծնկից լուրջ վնասվածք է ստացել, նույնպես վիրահատություն է սպասվում, սակայն որոշ պատճառներով վիրահատությունն ուշանում է:
Aravot.am-ը Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արա Ղարագյոզյանից հետաքրքրվեց, թե որոնք են այդ պատճառները:
«Հովհաննես Հարությունյանի վիճակը լավ չէ: Արդեն հրազենային վնասվածք ունեցող ոտքի մատները չեն շարժվում, շատ դանդաղ են շարժվում: Սկզբնական օրերին նորմալ ձեւով ոտքի մատները շարժում էր, հիմա օրեցօր վատանում է վիճակը, որեւէ պատճառաբանություն բժիշկները չեն տալիս դրա վերաբերյալ: Դա խոշտանգում է՝ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելը, ինչը կարելի էր անել օրեր առաջ՝ այդ ցավերից ձերբազատվելու համար: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ է այդ հարցը բարձրաձայնել, միայն ասում են՝ դեռ ժամանակը չի: Բայց մենք ենք նրան այցելում եւ տեսնում ենք, որ օրեցօր վիճակը վատանում է»,- ասաց նա:
Արա Ղարագյոզյանը մեզ հայտնեց, որ փաստաբան Հայարփի Սարգսյանը բողոքներ է ներկայացրել, որ Հովհաննես Հարությունյանին վիրահատեն ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այլ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բայց կրկին պատասխան են ստանում, թե նրա վիճակը բավարար է, վիրահատության կարիք չկա: Արա Ղարագյոզյանը հավելեց, որ իրենք շարունակելու են բողոքներ ներկայացնել առողջապահության եւ արդարադատության նախարարություններ, քրեակատարողական վարչություն, մարդու իրավունքների պաշտպանին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ