Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա լավ օրինակ, երբ անձը սեփականացրել է լքված հանքի տարածքը». Արամայիս Գրիգորյան

Օգոստոս 20,2016 15:14

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ստորաբաժանումների  ղեկավարների հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի բնապահպանական խնդիրներին: Ողջունելով քննարկման մասնակիցներին` Արամայիս Գրիիգորյանը նշել է, որ հանդիպման նպատակը վերջին այցից հետո մարզի համայնքների և մարզպետարանի կողմից առաջ քաշված բնապահանական հարցերի քննարկումն ու դրանց լուծում տալն է:

«Մարզում կան որոշ բնապահպանական խնդիրներ, որոնք կապված են այստեղ առակա տուֆի հանքերի հետ, որոնցում ռեկուլտիվացիայի աշխատանքներ չեն կատարվել, ինչի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև կառավարությունում և կարճ ժամանակ հետո կունենանք  լքված հանքերի ռեկուլտիվացիայի պայմանները և մեխանիզմները: Իսկ գործող հանքերին արդեն օրենքով պարտադրված է հանքշահագործումն ավարտելուց հետո իրականացնել ռեկուլտիվացման աշխատանքներ և այդ նպատակով դրամագլխին համապատասխան փոխանցումներ կատարել: Եթե հանքշահագործողները ինչ-որ հանգամանքներում կխուսափեն ռեկուլտիվացիա իրականացնելուց, ապա դրամագլխի միջոցներով այն կիրականացնի ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նշեմ, որ մարզում կա նաև լավ օրինակ, երբ անձը սեփականացրել է լքված հանքի տարածքը, ռեկուլտիվացիայի ենթարկել այն, դարձրել հանգստի գոտի, որից օգտվում է ազգաբնակչությունը: Մարզ կատարած նախորդ այցի ժամանակ բարձրացվել էր նաև «Արփի լիճ›› ազգային պարկի և հարակից համայնքների սահմանների հետ կապված խնդիրներ, որոնք այսօր լուծվել են: Տեղեկացնեմ նաև, որ Ազգային պարկի տարածքների վարձակալությունից առաջացած գումարների 30 տոկոսը ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ վերադարձվելու են համայնքների բյուջե` վերջիններիս զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար»,- նշել է բնապահպանության նախարարը:

Մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը ՀՀ բնապահպանության նախարարին առաջարկել է Մանթաշի ջրամբարին /Մանթաշ գետի ջրհավաք ավազանով/ և ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի տարածքում գտնվող Ջաջուռի լեռնանցքին տալ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ: Ջաջուռի լեռնանցքը ունի հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, իսկ Մանթաշ գետը և ջրամբարը համարվում են տարածաշրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրներից մեկը: Բնապահպանության նախարարը ողջունել է առաջարկը` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է ընդլայնել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները և առաջարկել մարզպետարանի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել` սահմանված կարգով առաջարկին ընթացք տալու համար:

Շիրակի մարզպետարանում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Արամայիս Գրիգորյանը մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է «Գյումրու կանաչ տեխնոլոգիաների կենտրոն»: Կենտրոնի համահիմնադիր Խաչիկ Սահակյանը ներկայացրել է կենտրոնի կողմից միջազգային դրամաշնորհների միջոցով ՀՀ Շիրակի մարզում իրականացրած կանաչ տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը: Նախարարը տեղում ծանոթացել է կենտրոնը սնուցող արևային էներգակայանի, արևային եղանակով չրերի ստացման արտադրամասի աշխատանքներին: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես ողջունել և խրախուսել է կանաչ տեխնոլոգիաների ներդնումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել աջակցել կենտրոնին իր հետագա նախաձեռնություններում:

aramayis grigoryan 1

ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է նաև մարզի տարածքում գտնվող «Արփի լիճ›› ազգային պարկ: Շրջայց կատարել պարկի պահպանվող տարածքներ, տնտեսական գոտիներ, տեղերում ծանոթացել պահպանման աշխատանքներին:  Արամայիս Գրիգորյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել  պարկի վարչական շենքում բացված ԼՂՀ-ում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների հիշատակն հավերժացնող հուշատախտակի մոտ: Ազգային պարկի վարչական շենքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Արփի լիճ›› ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանը ներկայացրել է 2016 թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքները և արձանագրված արդյունքները: Նշվել է, որ հատուկ պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացման և լճի հայելին բավարար մակարդակի վրա պահելու շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել կենսաբազմազանության բարելավման համար: Ավելացել են կենդանկան և բուսական որոշ տեսակների թվաքանակները:

Ներկայացվել է, որ տարեսկզբից ազգային պարկ է այցելել մոտ 600 զբասաշրջիկ, որից 55-ը Ֆրանսիայի Հանրապետությունից: Նախարար Արամայիս Գրիգորյանն շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար, ընդգծել ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարածաշրջանի համար: Նախարարն հանձնարարել է պարկի տարածքում էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար ակտիվ համագործակցել Հանրապետության զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների հետ, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանգստի ծառայությունները մատուցել` խստագույնս պահպանելով ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ նորմերով սահմանված պահանջները ու չափանիշները: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ էկոտուրիզմի զարգացումը, ոչ միայն լրացուցիչ միջոցներ կստեղծի ազգային պարկի պահպանման ծառայություններն ավելի որակյալ և լիարժեք կազմակերպելու համար, այլև կլուծի նաև հարակից համայնքների բնակիչների որոշ սոցիալական հարցերը և կնպաստի ՀՀ Շիրակի մարզում  զբոսաշրջության զարգացմանը:

Արամայիս Գրիգորյանն այցելել է լճի ափին այդ պահին իրենց էկոհանգիստն անցակացնող  Շիրակի մարզի երիտասարդների 50 հոգանոց խմբին, ծանոթացել հանգստի պայմաններին, ազգային պարկի կողմից մատուցված ծառայությունների որակին: Երիտասարդները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել տարածաշրջանի այդ գեղեցիկ վայրում լիարժեք հանգիստ կազմակերպելու լավ պայմանների համար:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031