Ազատության հրապարակում օգոստոսի 19-ին «Սասնա ծռեր» քաղաքական շարժման խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը վիրահատվել է:
Aravot.am-ը Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանին խնդրեց ներկայացնել մանրամասները:
«Ի սկզբանե բժիշկները հետազոտեցին, թե ինչպես է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Ռաֆաելովիչը սկզբից ուսումնասիրեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրահատարանը, հետո ասաց, որ պլաստիկ վիրահատության համար քրեակատարողական հիմնարկի վիրահատարանի պայմանները բավարար են: Տարան վիրահատության, որոշակի ժամանակահատված հետո՝ 1.5-2 ժամ կամ ավելին, բերեցին Պավլիկին: Ինչպես միշտ Պավլիկի դեմքից ժպիտը պակաս չէր, անեկդոտները տեղին: Որեւէ ձեւով ցույց չէր տալիս, որ ցավ է զգում»,- ասաց նա:
Հարություն Բաղդասարյանը զրուցել է նաեւ Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժիշկների հետ. «Բժիշկներից էլ տեղեկացա հետեւյալը, որ արել են պլաստիկ վիրահատություն՝ մարմնի որոշակի մասից վերցրել են իմպլանտ, պատվաստել են իր բացված վերքերի կարերի տեղը, որոնք որ չէին փակվում: Երկուսն էլ անցել է նորմալ, իր ինքնազգացողությունը ինձ մոտ որեւէ կասկածի տեղ չի տվել, որ մտածեմ՝ Պավլիկը լավ չի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ