Ամեն հինգշաբթի կառավարության առաջ հավաքվող հաշմանդամ դարձած նախկին օդաչուները, կարելի է ասել, ամենահամեստ ցուցարարներից են. իրենց ձայնը լսելի դարձնելու համար նրանք ո՛չ փողոցներ են փակում, ո՛չ ինքնահրկիզման փորձ անում, ո՛չ էլ բարձրախոսով անպատիվ խոսքեր ասում կառավարության ու վարչապետի հասցեին:
Երեկ, սակայն, կառավարության շենքի առաջ բողոքի ցույց կազմակերպած նախկին օդաչուների համբերությունը հատեց. մոտ մեկուկես ժամ պաստառներով լուռ բողոքի ակցիա անցկացնելուց հետո նրանք անսպասելիորեն վերցրին բարձրախոսն ու միահամուռ ուժերով վանկարկեցին` «վար-չա-պետ, վար-չա-պետ»: Նրանք պահանջեցին, որպեսզի Հովիկ Աբրահամյանը դուրս գա եւ վերջնականապես լուծում տա իրենց խնդիրներին: Արդեն թոշակի գնացած հաշմանդամ օդաչուները, որոնց շարքերն օր օրի պակասում են, պետությունից ընդամենը պահանջում են իրենց պարտք մնացած գումարները, սակայն որեւէ ռեալ պատասխան այդպես էլ չեն ստանում:
Նշենք, որ այս օդաչուներն աշխատել են «Հայկական ավիաուղիներ» ընկերությունում եւ հաշմանդամ են դարձել իրենց պարտականությունները կատարելու ժամանակ: Մինչեւ 2006 թվականը հաշմանդամ օդաչուները ստացել են այդ գումարային փոխհատուցումը, սակայն դրանից հետո կառավարության որոշմամբ այն վերացվել է: Նրանք պայքարում են, որպեսզի այդ փոխհատուցումը վերականգնվի:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
19.08.2016