Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն` ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար չորս բան հաստատուն է, որոնցով կարելի է անվերջ հիանալ ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը, քնած երեխան եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ապրում է ջահել ձուկը:
Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, դեռեւս ապրում եմ եւ հողի վրա եմ:
Եվ այդ չորս առնչությունները մեր կյանքի դժվար օրերի մեջ կարծես թե հեշտացնում են, հնարավոր դարձնում ընդունել քո հորդորը, Տե՛ր.
Ներիր թշնամուդ եւ համակերպվիր մահկանացին հասու բարձրագույն երանությանը:
Սակայն միեւնույն է՝ դժվար փորձություն ես առաջադրել, Տե՛ր, որի ծանրությունից խարխլվում է մարդու հոգու հիմքերը եւ քո իսկ նվիրած սիրո սահմանադրությունը՝ ճանապարհ բացելով շարունակական տագնապների:
Իհարկե, կարելի է ներել թշնամուն կամ մոռանալ նրան, եթե նա երեւութական է, ունի դեմք ու անուն եւ ներում է հայցում: Բայց հաստատ հնարավոր չէ ներել աներեւույթ թշնամուն, որը ներկայանում է դեմքով բարեկամի եւ քեզ հետ կիսում քո սեղանն ու խոսքի սրբազան հացը ու դավում քեզ թաքուն՝ դեմքը թաքցրած շողում ժպտերես պաստառի հետեւում:
Երբ Ալեքսանդր Մեծը` ճակատագրի տրուբադուրը, այցելեց Արարատի քրմին եւ նրա քարանձավ ապարանքի կենտրոնում տեսավ շքեղ ջրավազանում լողացող միայնակ ձկանը, հարցրեց.
– Ինչո՞ւ է ձուկը մենակ եւ ի՞նչ է դա խորհրդանշում:
Քուրմը պատասխանեց.
– Ձուկը Աստծո նշանն է:
– Ո՞ր աստծո,- զարմացավ բազմաթիվ աստվածների երկրպագող Ալեքսանդրը:
– Աստված մեկն է, ով Մե՛ծն Ալեքսանդր,- պատասխանեց քուրմը:
– Եվ ի՞նչ է այդ Աստծո անունը,- հարցրեց Ալեքսանդրը:
– Ոչ ոք չգիտի,- ասաց քուրմը,- մենք սպասում ենք, որ նա պիտի գա, եւ նա հայտնվելու է միայնակ: Իսկ դու` անհանգիստ հոգի՛, ոչ թե Ամոնի որդին ես, այլ գալիք Աստծո նախանշանը, որի գալստյան ճանապարհն արդեն բացում ես քո բանակով…
Այնինչ Արարատի քուրմից եւ Ալեքսանդրից հեռու, անպարտելի թվացող Հռոմում կային լույսից թաքնվող նույնիսկ կոյուղու աստվածներ, որոնք հաստատ երբեք չէին նայել աստղերին, չէին տեսել կրակը եւ անապակ կենդանի ջուրը ու ապրելով թանձրագաղջ խավարում՝ մտմտում էին:
Կարդացեք նաև
Այսօր էլ են մեր կողքին մտմտում նրանք, թե ինչպես իրենց պղտոր հոսքով աղտոտել, թունավորել մեզ` ապրողներիս տրված մեր կյանքն ու բարձրագույն երանությունները:
Այսինքն՝ չորս հաստատունը. բոցկլտացող կրակը, քնած երեխան, հոսող կենդանի ջուրը եւ աստղազարդ հավերժական երկինքը:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
19.08.2016