Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը

Օգոստոս 19,2016 22:11

Օգոստոսի 19-ին, Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ Սիլվա Յուզբաշյանն ու Մուրադ Մալխասյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի՛ արիտունցիներ, կարծում եմ, որ այս 14 օրերը ձեզ համար դարձան ամենահիշարժանն ու անմոռանալին, դուք այցելեցիք Հայաստանի ամենագեղեցիկ պատմամշակութային վայրերը, ծանոթացաք հայ ժողովրդի հարուստ պատմությանն ու մշակույթին: Վստահ եմ նաև, որ շատ լավ օրեր եք անցկացրել հյուրընկալ ընտանիքներում, ձեռք եք բերել նոր ընկերներ, բարեկամներ, որոնց հետ կապը, վստահ եմ, շարունակական է լինելու: Սիրելի՛ երիտասարդներ, նոր ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, և ես հորդորում եմ, որ լավ սովորեք, լինեք լավագույնը ձեր ընտրած մասնագիտության մեջ: Ցանկանում եմ, որ ոչ մի դեպքում չմոռանաք մեր ոսկեղենիկ մայրենին, հայերեն խոսեք, որովհետև հայերենը մեր անհայրենիք հայերի Հայրենիքն է, և մենք պետք է պահպանենք այն՝ հաջորդ սերունդներին փոխանցելու պայմանով: Սիրելի պատանիներ ու աղջիկներ ուր էլ, որ գնաք միշտ հպարտ եղեք, որ դուք հայ եք, հավատարիմ եղեք ձեր արմատներին, պատմությանն ու մշակույթին: Բարով եք եկել Հայրենիք¦:

Արիտունցիներին ողջունեց նաև ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Նա կարևորեց «Արի տուն» ծրագիրը համարելով այն 25 ամյա անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից, որը թույլ է տալիս ծրագրի մասնակիցներին վերադառնալ արմտաներին, ակունքներին՝ տանելով իրենց հետ իրենց հոգու Հայաստանը: Դիմելով երեխաներին՝ նա համոզմունք հայտնեց.«Մի օր դուք վերադառնալու եք Հայրենիք և ի վերջո ձեր վերջին հանգրվանը լինելու է Հայաստանը»:

Սիլվա Յուզբաշյանը ներկաներին ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» պատմվածքից մի հատված:

Ներկաներին իր կատարումներով ողջունեց ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանը:

Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային, հայրենասիրական երգերի և պարերի կատարումներով, ներկայացրին փոքրիկ բեմականացում Հայկի ու Հայոց այբուբենի մասին:

Ավանդական խարույկի շուրջ երիտասարդների հրաժեշտի պարով ազդարարվեց ծրագրի յոթերորդ փուլի ավարտը:

Նշենք, որ ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում էր 63 պատանի ու աղջիկ  աշխարհի 12 երկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Իսրայելից, Գերմանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Սիրիայից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031