«Սասնա ծռեր» քաղաքական շարժման խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը Ազատության հրապարակում ասաց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը մի քանի ժամ առաջ վիրահատվել է:
«Ըստ տեղեկությունների` այդ վիրահատությունը բարեհաջող է ընթացել: Իհարկե՛, մենք բոլորս գիտենք, որ Պավլիկ Մանուկյանի վերքերը եւ ստացված վնասվածքները բավականին ծանր են: Փառք տիրոջ, իրեն վտանգ չի սպառնում, բայց ծնկներից, սրունքներից, ազդրից իր ստացած վերքերն ու վնասվածքները բավականին լուրջ են: Այսօրվա վիրահատությունը միակ եւ վերջին վիրահատությունը չէ. ընդամենը մեկն է իրեն սպասվող վիրահատություններից: Բոլորս ողջունում ենք Պավլիկ Մանուկյանին, նրան մաղթում առողջություն, ինչպես նաեւ Արամին եւ մնացած բոլոր վիրավոր «Սասնա ծռերին»:
Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը ծնկից նույնպես լուրջ վնասվածք է ստացել, նրան նույնպես վիրահատություն է սպասվում, սակայն որոշ պատճառներով վիրահատությունը ուշանում է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ