Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին ներկա է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք՝ օրերս դատարանը որոշել էր նրա խափանման միջոցը՝ 2-ամսյա կալանքը փոխարինել գրավով, եւ վերջինս ազատ էր արձակվել:
Արմեն Մարտիրոսյանը իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ որեւէ բան չի փոխվել. «Մենք նահանջելու իրավունք չունենք: Նահանջել նշանակում է արտագաղթի մեծ ալիք թույլ տալ, նահանջել նշանակում է կոռումպացված ամբողջ այս կառավարման համակարգը թողնել, որ ինքնաոչնչանա՝ պետությանը ինքնաոչնչացման ճանապարհով տանելով: Նահանջել նշանակում է ոչ միայն իսպառ վերացնել Հայաստանում արդարադատությունը Հայաստանում, այլ երբեւէ հույս չունենա, որ կարող է ծիլ տալ արդարության համակարգը:
Նահանջել նշանակում է «Սասնա ծռերին» թողնել այս վարչախմբի հետ մեն մենակ, ինչը վտանգավոր է ոչ թե «Սասնա ծռերի» համար, այլ վտանգավոր է մեզ համար: Իրենք գիտեն՝ հանուն ինչի են պայքարել եւ հանուն ինչի են գնացել, բայց նաեւ մենք բոլորս պետք է իմանանք, որ եթե թողնում ենք այս համակարգը այսպես շարունակվի ոչ միայն «Սասնա ծռերն» են անազատության մեջ գտնվում, այլ մենք բոլորս անընդհատ անազատության մեջ ենք լինելու: Եվ անազատությունը ոչ թե չափվելու է ճաղերի բարձրությամբ, հաստությամբ, այլ չափվելու է մեր ազատ հնարավորությունների չափով: Իսկ դա օրեցօր նվազելու է»:
Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Ռուսաստանին հանձնվում է ամեն ինչ, այդ թվում քաղաքական, տնտեսական որոշումներ կայացնելու իրավունքը, անվտանգության հարցեր լուծելու իրավունքը. «Եթե մենք նահանջում ենք, նշանակում է, որ իշխանություններին հնարավորություն ենք թողնում, որպեսզի արյան գնով վերադարձված հայապատկան տարածքները վերադարձնեն Ադրբեջանին: Այս ամենը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ մենք նահանջելու որեւէ իրավունք չունենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ