Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների տաղավարում ամուսնու կողմից դանակի 30 հարվածներով սպանված Հեղինե Դարբազյանի գործով դատական հերթական նիստն էր: Այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվեց սպանվածի եղբոր կինը՝ Լիլիթ Պետրոսյանը: Դատավոր Ռոբերտ Պապոյանը հարց ուղղեց վկային, թե ինչ փոխհարաբերություններ են ունեցել Հեղինեն եւ նրա ամուսինը՝ ամբաստանյալ Արտակ Առաքելյանը:
Վկայի պատմելով՝ Հեղինեն պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից. «Մեր հարսանիքին են չի թողել Հեղինեն մասնակցի: Մի անգամ էլ հեր ու տղա (նկատի ունի ամբաստանյալին ու նա հորը Ն.Բ.) նենց էին ծեծել Հեղինեին, որ մեջքին կոշիկի հետքը մնացել էր, տշել էին Հեղինեին»:
Վկա Լիլիթ Պետրոսյանի պատմելով՝ ամբողջ հոգսը Հեղինե Դարբազյանի ուսերին է եղել, նա է աշխատել ու պահել ընտանիքը՝ 2 անչափահաս երեխաներին.«Արտակը սաղ օրը ինտերնետում էր, քնում էր մինչեւ 2-3-ը, հետո զարթնում էր, դե՝ հաց, կոֆե, սիգարետ էր ուզում, չէր աշխատում, առանց մտածելու 2 էրեխեքն ում վիզն են»:
Լիլիթ Պետրոսյանը նաեւ պատմեց, որ ամբաստանյալը խանդել է կնոջը ինչ-որ թուրքի, որին պարտքեր ունեին. «Բայց էդ թուրքի հետ իրանք հանդիպել են, ու ամեն անգամ, որ թուրքը սկայպով զանգում էր, Արտակը էրեխուն ուղարկում էր Հեղինեի հետեւից, որ Հեղինեն գնա պատասխանի»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Դատախազի հարցրեցին պատասխանելիս, Լիլիթ Պետրոսյանն ասաց, որ դեպքից ամիսներ առաջ Հեղինեն արդեն լքել էր ամուսնուն, եւ նրանց բաժանման թեման պատճառը ազգությամբ գործընկեր թուրքը չի եղել: Նրանք միշտ վիճում էին գումարային՝պարտքերի հարցերի շուրջ. «Արտակը Ռուսաստանից զանգում էր ասում՝ դու էս ինչի հետ ես քարշ գալիս, նրա հետ ես քարշ գալիս, այս սենց ապուշ ու այլանդակ բաներ»:
Արդյոք միմյանց նկատմամբ ֆինանսական պարտավորվածություն, պարտքերի պահանջ ունեցե՞լ են սպանվածն ու ամբաստանյալը, դատախազի այս հարցին, վկան ասաց՝ «Վարագույրների սրահը, որ Հեղինեն աշխատացնում էր, վարկեր էր վերցրել, վարկն էր Հեղինեի անունով էլ, էդ վարկն էլ Հեղինեն էր փակում: Արտակը բոլորին պարտք էր, հետո զանգում ասում էր՝ ապրանքը, խանութը իմն ա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նիստի ժամանակ սպանված Հեղինե Դարբազյանի քրոջ՝ Քրիստինե Դարբազյանի նյարդերը տեղի տվեցին, եւ դիմելով նախկին փեսային՝ ամբաստանյալին ասաց.«Ինչ ես դեպքդ ծամածռում, իբր տենց չի: Լսի, վերջում Աստծո առաջ ես պատասխան տալու»:
Դատավորը Քրիստինեին դիմելով, ասաց, որ հանդարտվի եւ չխանգարի նիստը:
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանվելուց հետո ամբաստանյալի կողմից հնչող սպառնալիքներն ինչի՞ համար էին, դատախազի այս հարցին էլ վկան ասաց.«Հետ արի, թե չէ կսպանեմ, կամ էլ՝ որ թողել, բաժանվել էր, դրա համար, որ բաժանվել ա, դրա համար: Ասում էր՝ ախպորդ էլ կսպանեմ»:
Դատախազի հարցին՝ եղե՞լ է սպառնալիքներ հնչեցնի, ասելով՝ կսպանեմ որ գույքը ինձ մնա, վկան պատասխանեց՝ «Չգիտեմ, չեմ կարող ասել»:
Ապա` պաշտպանական կողմը հարցեր ուղղեց վկային:
Մանրամասները՝ տեսանյութում
Դատախազը միջնորդություն ներկայացրեց մեղադրանքը փոփոխելու համար:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Արտակ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով (սպանություն) եւ 235 հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրելը):
Դատախազի ներկայացրած միջնորդությամբ նոր մեղադրանք ներկայացվեց 104 հոդվածի 2-րդ մասով: Այսինքն, սպանության շարժառիթը փոփոխվեց, քանի որ ամուսնական անհավատարմության փաստեր չեն եղել, բացի այս, սպանությունը կատարվել է, երբ արդեն բաժանված են եղել եւ ամուսնական պարտավորություններ միմյանց նկատմամբ չեն եղել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն Aravot.am-ին ասաց, որ քաղհայցով դիմել են դատարան՝ Հեղինե Դարբազյանի կողմից ստեղծված գույքը՝ վարագույրների սրահում առկա եղած ապրանքը, հետ ստանալու համար, ավելի կոնկրետ՝ գույքն ուրիշի կողմից ապօրինի տիրապետելուց հետո վերցնելու պահանջով, որպես դրանց միջոցով եղած պարտքերը վճարեն, եթե պարտքի պահանջ չկա, Հեղինեի երեխաներին տրամադրեն:
Սպանվածի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը Aravot.am-ին պատմեց, որ Արտակ Առաքելյանը ներկայացրել է, թե իբր ինքն է Հեղինեի միակ ժառանգը. «Ասաց՝ Հեղինեն մեռել, գնացել է, ես եմ միակ ժառանգը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ