«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը որոշ խորհուրդներ տվեց, թե ինչպես դիմակայել սննդային թունավորումներին:
Նա նշեց. «Ամենատարածված խնդիրը սննդային թունավորումներն են, մարսողական համակարգի խանգարումները, որը պայմանավորված է անորակ սննդամթերքով ու ըմպելիքներով: Ախտանշանները կարող են լինել՝ ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, աղիների գործունեության խանգարում: Այս երևույթները կարող են պահպանվել մեկից երեք օր, իսկ ընդհանուր թուլությունը կարող է տևել մինչև յոթ օր»:
Մասնագետն այս դեպքում խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի. «Տնային պայմաններում նման ախտանիշների դեպքում պետք է սպասել 24 ժամ, ընդունել 2-3 լիտր հեղուկ`ջրի տեսքով: Եթե հիվանդները չունեն սիրտ-անոթային համակարգի և երիկամների խնդիրներ, ապա ցանկալի է օգտագործել եռացրած սառեցրած ջուր, ակտիվացված ածուխ: Հակացուցված է օգտագործել ալկոհոլ, գազավորված ըմպելիքներ և կոնսերվացված սնունդ»:
Բժիշկ-գաստրոէնտերոլոգի հավաստմամբ` սննդային այս թունավորումների հիմնական թիրախում ծերերը, մանկահասակ երեխաները, կերակրող մայրերն ու հղի կանայք են:
Կարդացեք նաև
Մարիաննա Մալխասյանը խորհուրդ է տալիս խուսափել սնկերից, կաթնամթերքից, ցանկալի է օգտագործել միրգ, բանջարեղեն, կարելի է նաև մսամթերք:
Մասնագետը խորհուրդ է տալիս նաև ճաշատեսակները երկու օրից ավելի չպահել, մրգերն ու բանջարեղենները կարելի է պահել մինչև մեկ շաբաթ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ