Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը

Օգոստոս 19,2016 18:12

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը:

Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն  կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական  և սոցիալական ազդեցությունների գնահատում:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը: «Մենք մեծապես կարևորում ենք նման խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագրին և վստահ ենք, որ այն  հաջողությամբ կյանքի կկոչվի և հանքի շինարարությունը կավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը ծրագրի շինարարության մեկնարկն է, ինչի համար, որպես կառավարության ղեկավար, ուրախ եմ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը և  կարևորել այս խոշոր ծրագրի մեկնարկը: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը ծրագրին և համոզմունք հայտնել, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար, իսկ նոր աշխատատեղերը կնպաստեն մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման իրականացումը միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան և հանքի շահագործումը նորագույն տեխնոլոգիաներով:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորել է Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վստահության և շարունակական աջակցության համար:

Միջոցառմանը ներկա  են եղել կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Վայոց ձորում վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև սահմանամերձ Խնձորուտ համայնք, հանդիպել տեղի բնակչությանը, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում և պետությունը շարունակելու է ենթակառուցվածքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031