Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն արդեն մի քանի տարի ակտիվորեն համագործակցում է սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող արտերկրի բժիշկների հետ: Այդ համատեքստում, 2011 թվականից ի վեր, տարին մի քանի անգամ բժշկական կենտրոն է այցելում Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը, ով անվճար հիմունքներով բարդագույն վիրահատություններ է կատարում:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ինչ-որ չափով օգտակար լինելու իմ ժողովրդին: Սակայն միայն վիրահատություններ կատարելը, կարծում եմ, շատ քիչ է: Երազանքս է, որ կարողանամ այստեղ հիմնել անոթային վիրաբուժության առանձին դպրոց: «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում արդեն մի քանի տարի բշտիկների հետ հենց այս ուղղությամբ ենք նաև աշխատում», – նշել է Րաֆֆի Քասաբյանը:
Հարկ է նշել, որ անոթային վիրահատությունների համար հերթագրումն իրականացվում է ամիսներ առաջ: Յուրաքանչյուր այցի ընթացքում կատարվում է շուրջ 30 վիրահատություն: Րաֆֆի Քասաբյանը նշել է, որ անոթային տարբեր խնդիրներով դիմած քաղաքացիների մեծ մասին մասնագիտական ճիշտ խորհրդատվության անհրաժեշտություն է լինում, ինչի շնորհիվ ևս մարդկային կյանքեր են փրկվում՝ առանց վիրահատական միջամտության:
Բուժհաստատությունների վերազինման ծրագրով Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն առաջիկայում կհամալրվի արդիական տեխնիկայով, ինչը նոր հնարավորություններ կընձեռի զարգացնելու նաև անոթային վիրաբուժությունը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն