Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտասահմանում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հրավիրվել են մասնակցելու օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպմանը և սեպտեմբերի 4-ին կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպմանը:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն անդրադարձավ հրավիրված ֆուտբոլիստների ընտրությանը:
«Այս անգամ նպատակահարմար ենք գտել հրավիրել հենց այս ֆուտբոլիստներին: Նախորդ հավաքի համեմատ բացակայում են Էդգար Մանուչարյանը և Տիգրան Բարսեղյանը: Պատճառները տարբեր են. Մանուչարյանն առայժմ թիմ չունի և խաղային պրակտիկա չունի, իսկ Տիգրան Բարսեղյանը չի հրավիրվել առողջական որոշակի խնդիրների պատճառով:
Այս անգամ հավաքական է հրավիրվել Ռուսլան Կորյանը, որը միշտ մեր տեսադաշտում է եղել, համարվել է հավաքականի լիարժեք թեկնածու և նախորդ հավաքին բացակայում էր միմիայն վնասվածքի պատճառով: Կորյանը հիմա շատ լավ մարզավիճակում է և վերջին խաղում դարձել է դուբլի հեղինակ:
Կարդացեք նաև
Այս անգամ հրավիրել ենք նաև Դավիթ Արշակյանին, ով մինչև ԱՄՆ տեղափոխվելը նույնպես լավ մարզավիճակում էր:
Չնայած նախնական ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին, հրավիրել ենք նաև Գևորգ Ղազարյանին: Մինչև վերջին հանդիպումը ցանկանում էի դիտել նրա խաղը և համոզվել, որ նա լավ մարզավիճակում է ու կարող է օգտակար լինել հավաքականին: Կարևոր է, որ Գևորգը խաղային մշտական պրակտիկա ունի:
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա վերջնական ընտրությունը կկատարենք Հայաստանի առաջնության հերթական տուրից հետո: Դեռ ժամանակ ունենք:»
ՀՖՖ